Քոչարյանը «միանշանակ դեմ է» սահմանադրական փոփոխություններին - Mediamax.am

8765 դիտում

Քոչարյանը «միանշանակ դեմ է» սահմանադրական փոփոխություններին


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` http://2rd.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները որակել է իբրեւ «մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»:

Այդ մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է 2rd.am կայքին տված հարցազրույցում:

 

«Իմ տեսակետը չի փոխվել. սահմանադրական փոփոխությունների որեւէ անհրաժեշտություն չկա: Այն էլ այսպիսի՝ արմատական բնույթի: Երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական եւ խորհրդարանական ձեւերի միջեւ ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն եւ դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում:

 

Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող եւ ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ հայտնի է բոլորին: Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների եւ պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձեւը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը:

 

Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ:

 

Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Ազգային Ժողովի կայքում հրապարակվել է սեպտեմբերի 5-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը, որը դրվելու է հանրաքվեի:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին