Տեր-Պետրոսյանը հանրաքվեն համեմատել է ժանտախտի ժամանակ խրախճանքի հետ - Mediamax.am

8613 դիտում

Տեր-Պետրոսյանը հանրաքվեն համեմատել է ժանտախտի ժամանակ խրախճանքի հետ


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն «հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով»։

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն» վերնագրով հոդված է հրապարակել ilur.am կայքում:

 

«Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թեւակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը եւ սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատեւ ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արեւելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

 

Այդ երկրամասերից մեկը, գուցեեւ ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն։

 

Ինչեւէ, Հայաստանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն եւ պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում։ Դրա փոխարեն, սակայն, ինչպես տեսանք, ռեժիմը տոգորված է ժողովրդի վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն, չի կարելի կոչել։ Իսկ փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որեւէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել։

 

Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռեւս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից», - գրել է Տեր-Պետրոսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին