Ռոբերտ Քոչարյան. «Հարկ է անհապաղ լրացնել բոլոր բացերը» - Mediamax.am

10687 դիտում

Ռոբերտ Քոչարյան. «Հարկ է անհապաղ լրացնել բոլոր բացերը»


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ապրիլին Ադրբեջանը դիվերսիոն ակտիվությունից անցում կատարեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ:

Այդ մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում:

 

«Տեղի ունեցավ այն, ինչին պետք էր սպասել: Բաքվի՝ մի քանի տարի շարունակվող ռազմական կարողությունների ավելացումը եւ ռազմաշունչ հռետորաբանությունը վերածվեցին պրակտիկ գործողությունների. դիվերսիոն ակտիվությունից անցում կատարվեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ: Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ինչպես նաեւ` ագրեսիային դիմագրավելու Արցախի եւ Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, եւ պատերազմը կանգնեցվեց:

 

Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր եւ անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա եւ սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

 

«Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը /մինչեւ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջեւ սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է/:

 

Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու եւ Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջեւ: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը», - նկատել է Ռոբերտ Քոչարյանը:

 

«Ինչո՞ւ դա տեղի ունեցավ եւ կարելի՞ էր արդյոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից. այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետեւողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, եւ ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց:

 

Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր եւ միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր: Կամավորները պետք է ռազմաճակատ մեկնեն ոչ թե ինքնաբուխ կերպով, այլ ուղարկվեն զորամասեր զինկոմիսարիատների կողմից՝ ռազմական մասնագիտությանը համապատասխան: 90-ականների սկզբին ֆիդայական շարժումը կոմպենսացնում էր երիտասարդ պետական ինստիտուտների թուլությունը: Բայց Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ եւ կազմակերպչական ներուժով: Պատերազմել հաջողությամբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

 

«ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետեւություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը եւ գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն եւ առանձին շաղկապվածությամբ: Որեւէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղըզստանի հետ:

 

Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ղազախստանի ձեւավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, եւ դա չի կարելի հաշվի չառնել», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին