ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր, ասել է Սեյրան Օհանյանը - Mediamax.am

4504 դիտում

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր, ասել է Սեյրան Օհանյանը


Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը
Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` http://www.nato.int


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Բրյուսելում ասել է, որ Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման գործընթացի համատեքստում, կոալիցիոն ուժերի ապագա կրճատման գործընթացին զուգահեռ հարկ եղած դեպքում Հայաստանը կդիտարկի իր անձնակազմի մասնակցությունը ուսումնական եւ հրահանգչական խնդիրներին վերաուղղորդելու հնարավորությունը։

Սեյրան Օհանյանն այդ մասին ասել է` այսօր ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձեւաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։

 

“Փոխգործունակ կարողությունների կատարելագործումը ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության կարեւոր ոլորտն է: Վերջերս ավելացրեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում մեր ներդրումը` Մազարի Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողից կազմված զորախումբ եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով հետեւազորի 5 հրահանգիչներ: Հաշվի առնելով նաեւ Կունդուզում տեղակայված զորախմբի թվաքանակը (40 զինծառայող), Գերմանական հրամանատարության օպերատիվ ղեկավարման ներքո Աֆղանստանում ներկայումս տեղակայված են ՀՀ ԶՈւ 126 զինծառայողներ», - ասել է նախարարը:

 

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարեւորության եւ ԱԳԳԾ նախորդ շրջափուլի արդյունավետության մասին՝ պաշտպանության նախարարն ասել է.

 

“ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր պաշտպանությունը երկրի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն եւ այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն։ Վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ ԶՈւ զարգացման 2011-2015թթ միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության հիման վրա պաշտպանության կառավարումը”։

 

ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաեւ ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։

 

“Պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը նոր զարկ տվեց նաեւ պրոֆեսիոնալ ռազմական կրթության եւ պայմանագրային սերժանտական համակարգերի զարգացման հարցերին, որոնք ներկայումս իրականացվում են ՀՀ ԶՈւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման համապարփակ գործընթացի շրջանակներում եւ արծարծված են ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագծի դրույթներում: Ռազմական կրթության եւ ուսման բնագավառում զգալի դեր են կատարում ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ձեւավորված փորձագիտական խումբն, այնպես էլ  Կանադայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բուլղարիայի անհատական ջանքերը: 2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաեւ պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ գործընթացը դիտարկելով որպես սպաների գիտելիքների եւ սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության եւ Զինված Ուժերում կարգապահության բարձրացման միջոց”, - ասել է Սեյրան Օհանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին