Երեւան: Մեդիամաքս: Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը քննարկել են զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը եւ դրան հաջորդած իրադարձություններին վերաբերող հարցեր:
Հուլիսի 21-ին կայացած հանդիպմանը կողմերը կարեւորել են իրադրության խաղաղ հանգուցալուծումը, հաղորդում են Քննչական կոմիտեից:
Աղվան Հովսեփյանը բարձր է գնահատել կոմիտեի մի շարք նախաձեռնություններին ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, որի արդյունքում կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը, կազմաիրավական ընթացակարգերը որակական նոր հարթություն են տեղափոխվել։ Մասնավորապես, քննչական բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է քրեական գործերի թվայնացումը, մշակվել եւ գործարկվել է արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգը, իսկ առաջիկայում կփորձարկվի նաեւ էլեկտրոնային նախաքննության ծրագիրը։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունների կիրառումը քննչական աշխատանքում էապես նպաստում է քննության արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հետեւողական քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու քննիչների հասանելիությունը երկրում առկա տեղեկատվական հիմնական շտեմարաններին, ինչն էապես կնպաստի նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումների կրճատմանը, ողջամիտ ժամկետների պահպանմանը»,- նշել է Աղվան Հովսեփյանը։
















