Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ազգային անվտանգության աշխատակիցներն արգելել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր:
Այդ մասին հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Սա հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ ճշտելուց հետո», - նշել է պատգամավորը:
Նա հիշեցրել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի հետեւյալ դրույթը.
«Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (...) անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝ (...) ԱԺ պատգամավորները»:
ԱԱԾ-ն ավելի վաղ տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը.
«Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը եւ շինությունները 17.07.2016թ. զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակարգով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):
Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: