Պետք են «արմատական ռեֆորմներ», ասել է Քոչարյանը - Mediamax.am

10223 դիտում

Պետք են «արմատական ռեֆորմներ», ասել է Քոչարյանը


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը համար պետք են «արմատական ռեֆորմներ», այլապես «երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա»:

«Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում եւ փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու եւ պատանդներ վերցնելու միջոցով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

 

Խոսելով Հայաստանի իրավիճակի մասին, նախկին նախագահն ասել է. «Ցավոք, ոչ մի հուսադրող բան ասել չեմ կարող»:

 

Նա նկատել է, որ «մեր վիճակագրությունն այլեւս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձեւակերպել եւ ձեւավորել տնտեսական քաղաքականությունը»:

 

Հարցազրույցի հիմնական թեման ԼՂ կարգավորման գործընթացն է:

 

Խոսելով «Մադրիդյան սկզբունքների» մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել է հետեւյալը.

 

«Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին եւ վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ եւ դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի եւ միջազգային հանրության կոշտ եւ վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով»:

 

Նախկին նախագահը նաեւ հայտարարել է, որ «դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաեւ մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է»:

 

«Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միեւնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում եւ Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից եւ կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին