ԱԺ-ն ընդունել է զինծառայողների սոցապահովության նախագիծը - Mediamax.am

7025 դիտում

ԱԺ-ն ընդունել է զինծառայողների սոցապահովության նախագիծը


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 102 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը։

Մեդիամաքսը հիշեցնում է, որ նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաեւ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

 

Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

 

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազ. դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազ. դրամ՝ ենթասպաների եւ 200 հազ. դրամ՝ շարքայինների դեպքում:

 

Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250 հազ., 200 հազ. եւ 150 հազ. դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ:

 

Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է 1000 դրամ: Հիմնադրամը նաեւ հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները կատարելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին