Միքայել Մինասյանը դիմել է Մարտիրոսյանին եւ Փաշինյանին - Mediamax.am

10726 դիտում

Միքայել Մինասյանը դիմել է Մարտիրոսյանին եւ Փաշինյանին


Միքայել Մինասյան
Միքայել Մինասյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանին եւ ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում ասված է.

 

«Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,

 

Հարգելի պարո՛ն Փաշինյան,

 

Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաեւ իմ անունը։

 

Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որեւէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետեւողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաեւ Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։

 

Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլեւ վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։

 

Կանխավ շնորհակալ եմ»:

 

Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն այս գրառումներ էր կատարել.

 

«Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

 

ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող եւ դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության եւ քնքշանքի ակնհայտ պակաս ունի եւ նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:

 

Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որեւէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:

 

Բայց թերեւս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:

 

Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչու՞ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչեւ հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին