Կարեն Կարապետյանը ներկայացրել է «կյանքի որակ փոխող» ծրագիրը - Mediamax.am

28657 դիտում

Կարեն Կարապետյանը ներկայացրել է «կյանքի որակ փոխող» ծրագիրը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար:

Մեդիամաքսն առանձնացրել է վարչապետի ելույթի առավել ուշագրավ հատվածները:

 

Ապագայի հստակ տեսլական

 

Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի կառավարությունից եւ մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները:

 

Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ եւ հնարավորություններ ունենք:

 

Ունենք նաեւ ապագայի հստակ տեսլական՝ գիտենք՝ ինչն է պետք փոխել եւ ինչպես, եւ սկսել ենք դա իրագործել:

 

Յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում ենք խնդիրները, հստակորեն շարադրում մեր լուծումները եւ ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիր:

 

Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. մեր սահմանների մոտ 83% փակ է, եւ միայն 17%-ն է բաց:

 

Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ: Կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական իրադարձություններից:

 

Մեր իրականությունը դեռ երկար լինելու է այսպիսին:

 

Ունենք նաեւ ներքին խնդիրներ, որոնց բոլորս քաջատեղյակ ենք:

 

Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ միայն հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը:

 

Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր:

 

Աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ ստարտային պայմաններում: Նրանք սակայն, կարողացել են իրենց գործին ամենօրյա նվիրվածությամբ, օր ու գիշեր աշխատելով, զրկանքներ կրելով, բռնած գործի նկատմամբ հավատով հասնել զարգացման բարձր մակարդակի:

 

Ուզում եմ ռեալիստ լինենք եւ հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն եւ բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է: Մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակը եւ արդյունավետությունը եւ անմնացորդ նվիրվենք մեր գործին:

Ակնհայտ է, որ մեր բոլոր հայրենակիցների համար Հայաստանը կլինի ստեղծագործելու եւ արարելու հենարան միայն այն դեպքում, երբ Հայաստանում առկա լինի արդյունավետ մրցակցային միջավայր։

 

Սփյուռքահայության եւ հայրենիքի ամուր կապի ստեղծում

 

Ավելի քան 7 միլիոն հայեր ապրում են Հայաստանից դուրս եւ սփռված են ամբողջ աշխարհում: Մեր նպատակն է կյանքի կոչել սփյուռքահայության եւ հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձեւը:

 

Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք միմյանց նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նկատմամբ:

 

Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի Սփյուռքի մեր գործարարները, կառավարիչները, գիտության եւ մշակութային գործիչները, ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը մեր համազգային նպատակներին ծառայեցնելու համար:

 

Աշխարհին ճանաչելի դառնալ

 

Մենք պետք է փորձենք օգտագործել մեր մշակույթը՝ աշխարհին ներկայանալու եւ աշխարհը մեզ համար բացահայտելու գործում:

 

Մշակույթը հզոր զենք է, երբեմն ավելի ուժեղ, քան բուն զենքը: Այն կարող է մարդկանց միավորել եւ ճանաչելի դարձնել միմյանց: Մենք ունենք շատ հարուստ մշակույթ, որ դարերի միջով բերել ենք մեզ հետ: Մենք անկեղծորեն կարծում ենք, որ ամբողջ աշխարհը դրա մասին գիտի եւ անկեղծորեն զարմանում ենք, երբ հայտնաբերում ենք, որ դա այդպես չէ: Սակայն մենք մեզ պետք է հարց տանք, իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնենք մեր մշակույթը, ինչքանո՞վ ենք մենք ինքներս ծանոթ մեր սեփական մշակույթին: Մեծ աշխատանք ունենք այստեղ կատարելու: Միաժամանակ պետք է բաց լինենք աշխարհի այլ մշակույթները ընդունելու, ճանաչելու, հասկանալու, լավը քաղելու եւ կրթվելու համար: 

 

Պետք է հրաժարվենք պոպուլիզմից եւ կարծրատիպերից

 

Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից եւ կարծրատիպերից հրաժարվելը: Պետք է բարձրացնենք հանդուրժողականությունը, դադարենք ուղղակի քննադատողի եւ դիտորդի կեցվածք ընդունել եւ աշխատենք՝ րոպե առաջ իրագործել մեր երկրին անհրաժեշտ ծրագիրը:

 

•    Ներդրողը մեկ օրում արդյունք չի տալիս:

•    Գյուղացին մեկ օրում արտահանող ֆերմեր չի դառնում:

•    Կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում:

 

Թե ինչքանով արագ կհասնենք մեր նախանշած արդյունքներին, կախված է մեր աշխատանքի որակից եւ հասարակության արձագանքից:

 

Այս խոսքերը ասելով՝ ուզում եմ ճիշտ հասկացված լինել. մենք չե՛նք խուսափում պատասխանատվությունից:

 

Ներկայացվող ծրագիրն արտացոլում է Հայաստանի հանրապետական կուսակցության եւ մեր կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության պատկերացումները եւ տեսլականը մեր երկրի, մեր պետության զարգացման վերաբերյալ առաջիկա հինգ տարիների համար: Միաժամանակ այն ապահովում է հիմքեր երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար:

 

Այս ծրագրի հիմքում դրված է Անվտանգ, Արդար, Անկախ եւ Խելացի Հայաստան ունենալու տեսլականը։

 

Մեր երկրի գոյության խնդիրն անվտանգության ապահովումն է

 

Մեր զարգացումը անհնար է առանց մեր երկրի եւ մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու: Սա մեր երկրի գոյության խնդիրն է:

 

Տարածաշրջանային անկայունությունը եւ անորոշության մարտահրավերները սպառնում են մեր ազգային անվտանգությանն ու Արցախի անկախությանը:

Արցախը մեզ տվել է ազատության եւ անկախության բերկրանք, ցույց է տվել, որ մենք ուժեղ ենք եւ ամուր կանգնած հողին:

 

Այսօր ազատ, անկախ, հաղթանակած պետություն ենք, կանգնած ենք Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը, եւ պատրաստ ենք ամեն պահի հակահարված տալ մեր Արցախի, մեր սահմանների, մեր արժեքների եւ ազատ ապրելակերպի նկատմամբ ցանկացած ոտնձգության:

 

Հետեւաբար մենք պետք է շարունակենք զարգացնել մեր ռազմական կարողությունները, մեր բանակի եւ զինվորի մարտունակությունը:

 

Բարձրակարգ դիվանագիտության անհրաժեշտություն

 

Միեւնույն ժամանակ, պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնենք` ամրապնդելով մեր հարաբերությունները բարեկամ պետությունների հետ: Պետք է ճկուն, նպատակային աշխատանք իրականացնենք երկկողմանի եւ բազմակողմ մակարդակներում՝ ավելացնելով մեր բարեկամ երկրների շարքը։

 

Արդարության եւ վստահության մթնոլորտի ապահովում

 

Մեր երկրում բարեկեցիկ եւ բարենպաստ միջավայր ստեղծելու գործում, կառավարությունը ստանձնում է բարձրացնել եւ ամրապնդել արդարության եւ վստահության մթնոլորտը: Առանց դրա անհնար է լինելու ապահովել երկրի զարգացումը եւ մեր քաղաքացիների բարեկեցությունը:

 

Նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ՝ նպատակ ունենալով բարելավել որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնել մեր կառավարման կարողություններն ու մոտեցումները` դրանք դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ եւ ներառական: Բարձրացնում ենք այդ մարմինների եւ ինստիտուտների հաշվետվողականությունը հանրության առջեւ:

 

Կառավարությունը ձեռնարկելու է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախության եւ անաչառության միջոցով արդյունավետ եւ կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար։ Պետք է ձգտենք այն իրավիճակին, որ դատական համակարգի միջոցով խնդիրներին տրվի արդար, անաչառ եւ ոչ ժամանակատար լուծում։

 

Այդ նպատակով, մինչեւ 2017 թվականի ավարտը լրամշակելու եւ Ձեր քննարկմանն ենք ներկայացնելու նոր դատական օրենսգիրքը, որն ի թիվս այլոց.

 

ա. սահմանելու է դատարանների եւ դատավորների ներքին անկախության ապահովման նոր մեխանիզմներ,

բ. դատական գործընթացներում էլեկտրոնային ձեւաչափերի կիրառման շնորհիվ նվազեցնելու է հայեցողականությունն ու ժամկետները,

գ. վերանայելու է դատական քննության ընթացակարգը՝ ներդնելով դատական գործերի կառավարման ժամանակակից գործիքներ եւ այլն։

 

Առանձին ուշադրություն ենք դարձնելու սնանկության օրենսդրությանը` նպատակ ունենալով փոխել առկա պրակտիկան եւ ներդնել oրենսդրական խթաններ սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացումը որպես գերակայություն սահմանելու համար։

 

Անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ

 

Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա: Այս առումով մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք կարեւոր քայլեր, մասնավորապես՝

 

•    Ձեւավորում ենք  հակակոռուպցիոն միասնական մարմին.

•    Քրեականացրել ենք ապօրինի հարստացումը.

•    Ներդնում ենք Ազդարարների համակարգը:

 

2017 թվականը մեզ համար լինելու է կառավարման համակարգի բարեփոխումների առանցքային տարի՝ պայմանավորված  Սահմանադրության պահանջով եւ ախտորոշման արդյունքներով։

 

Մի քանի օրինակ պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքներից՝

 

•    Մշակվել եւ ընդունվել են մի շարք սահմանադրական օրենքների նախագծեր՝ Սահմանադրության փոփոխությունների պահանջով.

•    Պետական ծառայությունների մատուցման հարցում հնարավորինս անցնում ենք «Մեկ պատուհան» համակարգին, որպեսզի մեր քաղաքացիները մի պետական մարնից մյուսը չվազեն, մեծ ու փոքր չինովնիկի կամքից կախում չունենան: Պետության կողմից մատուցվող 140 ծառայություններից կեսից ավելին արդեն իսկ մատուցվում է նաեւ մասնավորի կողմից.

•    Կատարվել է պետական համակարգի օպտիմալացում, որի արդյունքում խնայվել են միջոցներ.

•    Վերանայվել է կոմերցիոն ներուժ ունեցող ծրագրերը վարկային ռեսուրսների հաշվին իրականացնելու գաղափարախոսությունը՝ նմանատիպ ծրագրերում կարեւորելով մասնավորի հնարավոր ներգրավումը.  

•    Կատարվում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների եւ Գյուղատնտեսության նախարարության պիլոտային գործառնական վերլուծություն՝ նախարարությունների գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Առաջարկվող ծրագրով մենք շարունակելու ենք նախաձեռնված աշխատանքները ՝

•    Կշարունակենք խորհրդարանական համակարգում պետական կառավարման արդյունավետությունը,   հանրության առջեւ իշխանության հաշվետվողականությունը, իրավունքի գերակայությունն ապահովող օրենսդրական հիմքերի ստեղծումը.

•    Նախաձեռնվող թվայնացման ռազմավարության շրջանակներում ավելացնելու ենք քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների քանակը.

•    Իրականացնելու ենք Քաղաքացիական ծառայության ոլորտի ռեֆորմ:

 

Զարգացած տնտեսություն, նոր աշխատատեղեր

 

Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունը ապահովելու համար մենք պետք է ունենանք զարգացած տնտեսություն:

 

Տնտեսական զարգացումը իր հետ բերելու է նոր աշխատատեղեր, որն էլ մեր քաղաքացիներին ապահովելու է երկարաժամկետ եւ կայուն եկամուտ՝ կրթություն ստանալու, տուն կառուցելու, ընտանիք կազմելու, հանգստանալու, եւ ամենակարեւորը՝ մեր երեխաների ապագան կերտելու հնարավորություն:

 

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ եւ խելացի օգտագործման եւ արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա: Արդյունքում պետք է ապահովենք ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացում՝ արտահանում/ՀՆԱ հարաբերությունը հասցնելով 40-45%:

 

Կառավարությունն աշխատում է այս ուղղությամբ:

 

•    Օրենսդրությամբ 22 անգամ կրճատել ենք փոքր եւ ոչ ռիսկային համարվող արտահանող ընկերություններին ԱԱՀ-ի գերավճարի վերադարձման ժամկետները՝ դրանք գործող 90 օրվա փոխարեն դարձնելով 4 օր:

•    Էապես պարզեցրել ենք սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը: Ինտենսիվ բանակցությունների արդյունքում ավելացրել ենք հայկական գյուղարտադրանքի արտահանումը եւ վաճառքը Ռուսաստանի Դաշնության 3 խոշորագույն ցանցերում:

•    Թեթեւ արդյունաբերությունում ապահովում ենք պատվերներով տեղական արտադրողներին, որոնք  նույնիսկ երբեմն հրաժարվում են պատվերներից՝ հզորությունների պակասի պատճառով:  Այժմ աշխատում ենք ոլորտի կարողությունների մեծացման եւ արտադրանքը արտասահմանյան ցանցեր հասցնելու ուղղությամբ:

 

Պետք է արձանագրեմ, որ 2017 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքները համեմատած 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ վկայում են այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, քանի որ արձանագրել ենք արտահանման մոտ 21 տոկոսի աճ՝ հիմնականում մշակող արդյունաբերության հաշվին:

 

Աշխատանքներն ընթանում են նաեւ հիմա.

 

•    պարզեցնելու ենք ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը.

•    ներդնելու ենք Եվրոպական Միության GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգը.

•    թիրախային շուկաներում հայկական ապրանքների արտահանման զարգացման նպատակով իրականացնելու ենք արտահանող ու ներմուծող ընկերությունների համագործակցության ձեւավորում.

 

Հայաստանում ստեղծելու ենք այնպիսի գործարար միջավայր, որտեղ գործարարն իրեն հարմարավետ զգա: 

 

Ներկայացնեմ այս ուղղությամբ արդեն իսկ իրականացրած մի քանի միջոցառումներ. 

 

•    Հարկային եւ մաքսային անաչառ վարչարարությամբ խթանել ենք ազատ մրցակցությունը.

•    Ներկայացրել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ գործունեության 14 տեսակներով զբաղվելու համար լիցենզիայի պահանջը փոխարինելով ծանուցմամբ.

•    Նախարարություններում ներդնում ենք թեժ գծեր, որոնք հնարավորություն են ընձեռում մեր քաղաքացիներին եւ գործարարներին ստանալ տեղեկություններ, տալ առաջարկություններ եւ հնչեցնել իրենց դժգոհություններն ու բողոքները.

•    Աստիճանաբար վերացնում ենք մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառումը` ներմուծվող արտադրական նշանակության սարքավորումների եւ հումքի համար:

•    Պարզեցրել ենք ներմուծման ընթացակարգերը` ավելացնելով գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման դեպքերը։  

 

Ծրագրով գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացնելու ենք համալիր միջոցառումներ՝ Հայաստանը Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում 20 լավագույն երկրների շարքում ընդգրկելու համար: Այդ նպատակով միայն այս տարի իրականացնելու ենք 49 միջոցառում եւ գործընթացը լինելու է շարունակական:

 

Առաջիկայում իրականացվելիք աշխատանքներից են՝

 

•    Կկրճատվեն էլեկտրականության միացման ժամկետները եւ գործընթացները.   

•    Թիրախային համայնքներում կկիրառվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը.

•    Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով եւ կներդրվի էլեկտրոնային բիզնես ռեգիստի համակարգ.

•    Կներդրվի շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգը.

•    Կներդնենք բիզնես օմբուդսմենի ինստիտուտը:

 

Ծրագրի գլխավոր թիրախները

 

Կառավարության ծրագրի առանցքային թիրախներն են.

 

•    Զարգացած երկրների նկատմամբ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափով.

•    արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ  ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի. 

•    աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով.

•    երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում.

•    Հարկային եւ մաքսային վարչարարության շնորհիվ առաջիկա 5 տարիներին ընթացքում հարկային եկամուտների եւ ՀՆԱ-ի հարա¬բերակ¬ցության 2.5 տոկոսային կետով աճի ապահովում:

 

Հարցումները վկայում են, որ հարկային եւ մաքսային ոլորտներում նվազել են ստուգումների քանակը եւ փող շորթելու դեպքերը: Մաքսիմալ պարզեցնում ենք համակարգը բարեխիղճ գործարարների համար եւ նույնքան էլ դժվարացնում ենք անբարեխիղճ հարկատուների համար: Հայտարարել ենք եւ նախապատրաստում ենք այս ոլորտի երկրորդ սերնդի բարեփոխումները, որի ընթացքում.

 

ա. հարկային հսկողության գործընթացի կազմակերպվելու է այնպես, որ ապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների քանակի եւ հարկ վճարողների թվաքանակի հարաբերակցության հետեւողական կրճատում.

բ. կներդրվի մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգը՝  սահմանային հսկողությունը աստիճանական տեղափոխելով հետբացթողումային փուլ.

գ. կատարելագործվելու է մաքսային հսկողության համակարգը՝ ապահովելով մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատում.

դ. գործարկվելու է կամերալ ուսումնասիրությունների իրականացման էլեկտրոնային համակարգը,

 

Տնտեսական ակտիվության ավելացման եւ հարկային կարգապահության ավելացման շնորհիվ հարկային եկամուտներն այս տարի աճել են շուրջ 8.4 տոկոսով, ինչը մեզ հնարավորություն տվեց ստեղծել հավելյալ միջոցներ: Այդ հավելյալ միջոցների հաշվին ապրիլին մի շարք կարեւորագույն ծրագրերի ուղղությամբ բյուջետային ծախսերը ավելացրեցինք 57 միլիարդ դրամով:

 

Սա աննախադեպ երեւույթ է, երբ բյուջետային ծախսերը ավելացվում են տարվա չորրորդ ամսին, ու չնայած նրան, որ դեռեւս քարոզարշավի ընթացքում մենք հասկանում էինք, որ ի վիճակի ենք լինելու դա անել, մենք դա արեցինք ընտրություններից հետո միայն, որպեսզի որեւէ մեկը մեզ չկասկածի պոպուլիզմի մեջ:

 

Ներդրումների ներգրավում

 

Բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը իր հետ բերում է ներդրումների աճ: Ներդրումների ներգրավման գործընթացը երկարատեւ եւ մանրակրկիտ աշխատանք է: Այն ենթադրում է մանրամասն նախապատրաստական աշխատանք, հետազոտություն եւ բանակցություններ:

 

Ներդրումային քաղաքականությունը իրականացնելու ենք երեք հիմնական ուղղություններով.

 

1.    Ներդրողների պաշտպանության եւ երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդում.

2.    Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությանը զուգահեռ՝ ոլորտների եւ ներդրողների հետ թիրախավորված անհատական աշխատանք.

3.    Ստեղծարար եւ ինովացիոն տեխնոլոգիական զարգացման խթանում բոլոր ոլորտներում:

 

Պետք է որդեգրենք «խելացիի» գաղափարը

 

Երկրի մրցակցային դիրքերը ապահովելու, արտաքին շուկաներում հաջողելու համար մենք պետք է զարգանանք առաջանցիկ տեմպերով, զարկ տանք տեխնոլոգիական եւ ինովացիոն լուծումներին եւ որդեգրենք «խելացիի» գաղափարը:

 

Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիտելիքները, ունակությունները եւ հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան հաջորդ տասնամյակներում: Դպրոցը պետք է կարողանա փոխանցել աշակերտին մարդկային արժեքները՝ հայրենասիրություն եւ արժանապատվություն, դաստիարակել իսկական մարդու՝ մեր արժեքների, ավանդույթների եւ կերպարի հպարտ կրողի, ով նաեւ բաց է գլոբալ աշխարհի հետ ազատ եւ անկաշկանդ շփվելու:

 

Այս ամենի իրականացման հիմնասյուներից կարեւորագույնը ուսուցիչն է: Կառավարությունը մինչեւ 2017 թվականի ավարտը ներդնելու է ուսուցիչների աշխատանքի խրախուսման նոր մեխանիզմներ:

 

2018 թվականից կներդնենք նոր սերնդի դասագրքերի ստեղծման չափանիշներ եւ գործիքակազմ:

 

Մեզ ոգեւորում են հայկական կրթական մտքի արձանագրած հաջողությունները: Համաձայն ֆրանսիական We Demain ամսագրի, անցած տարի «Թումո» կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն ինովացիոն դպրոցը: Ուրեմն կարող ենք, ունենք բարձր նպատակներ իրագործելու այդ ներուժը:

 

2018 թվականին արդիականացնելու ենք հանրակրթական ծրագրերը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են լինելու մաթեմատիկայի, բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի, օտար լեզուների դասաժամերը եւ ուսուցման հայեցակարգային մոտեցումները, 2022 թվականին կավարտենք բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը:

 

Հայաստանի թվային օրակարգը

 

Մրցունակ եւ նորարար տնտեսություն ունենալու համար կառավարությունը մշակելու եւ կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության տրանսֆորմացիայի եւ հետագա զարգացման համար։

 

Քսանմեկերորդ դարում առանց դինամիկ թվայնացման, առանց միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելու, հնարավոր չէ ժամանակին համընթաց քայլել:

 

Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ պետական համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, կրթությանը, գիտությանը, առողջապահությանը։

 

Թվային օրակարգում նոր տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումն է, որի արդյունքում, օրինակ, բժշկին հասանելի է ձեր բժշկական ինֆորմացիան, որ ցրված է բազմաթիվ բուժհիմնարկներով, որտեղ դուք եղել եք տարիների ընթացքում:

 

Թվայնացումը թույլ է տալիս համադրել համայնքները բազմաթիվ չափանիշներով: Արդեն իսկ նման վերլուծություններ անում ենք: Չեք պատկերացնի, թե ինչ հստակ է երեւում որ ինստիտուտներն են աշխատում, որտեղ է անհրաժեշտ խթանում, իսկ որտեղ՝ վիրահատական միջամտություն:

 

Թվային առեւտուրը պատշաճ փաստաթղթերի առկայության դեպքում արտահանողին հնարավորություն է տալիս խուսափել անհարկի ձգձգումներից ոչ միայն այստեղ, այլեւ արտահանման շուկաներում:

 

Դրական միտումներ

 

Անդրադառնալով մեր նախկին ծրագրին, ուզում եմ ֆիքսել որ մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք: Այսօր ունենք դրական միտումներ՝ 2017 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում՝ նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրել ենք տնտեսական ակտիվության 6.4% աճ, ընդ որում՝

 

•    արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 14.4%,

•    առեւտրի շրջանառությունը՝ 12.8%,

•    ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 11%-ով:

 

Արտահանումն աճել է 21%-ով, իսկ ներմուծումը՝ 24.4%-ով՝ որի կառուցվածքում մեծ աճ է ապահովել հիմնականում ներդրումային նպատակներին ծառայող մեքենասարքավորումների ներմուծումը՝ մոտ 11%՝ ապրիլ ամսվա դրությամբ:

 

Հաշվառվող անհատ ձեռնարկատերերի թիվը աճել է 8%-ով, իսկ առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման աճը կազմում է 13%:

 

Ունենք նկատելի աճ օդանավակայանների ուղեւորափոխադրման ծավալի մեջ՝ 31%, օդային բեռնափոխադրումների մեջ՝ 81.5% աճ, թռիչք-վայրեջքների մեջ՝ մոտ 24% աճ:

 

Սոցիալական շտապօգնության հարթակ

 

Սոցիալական ապահովության ոլորտում մեր քայլերը ուղղված են սոցիալական բարեկեցության եւ սոցիալական պաշտպանվածության հաստատմանը:

 

Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքում մենք դնում ենք «յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում» սկզբունքը՝ բարեփոխելով խնամատարության ընթացակարգը ապահովելու ենք երեխաների խնամքը ընտանեկան պայմաններում, իր բնական սոցիալական միջավայրում:

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից է լինելու իրականացվող ծրագրերի եւ մատուցվող ծառայությունների հասցեականության բարձրացումը, որն իրականացնելու ենք նաեւ «էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» միասնական տեղեկատվական համակարգի միջոցով: Օգնության կարիք ունեցող քաղաքացին պետք է համոզված լինի, որ պետությունը կանգնած է իր թիկունքում:

 

Սոցիալական խնդիրներին արագ լուծում տալու նպատակով ստեղծելու ենք սոցիալական շտապօգնության հարթակ, որը հնարավորություն կտա արագ արձագանքել ամենահրատապ սոցիալական կարիքներին:

 

Առողջությունը՝ զարգացման կարեւոր նախապայման

 

Մեր երկրի զարգացման կարեւոր նախապայմաններից մեկն է մեր քաղաքացիների առողջությունը եւ առողջ ապրելակերպը:

 

Մենք հասկանում ենք, որ առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլ նաեւ հոգեկան, ֆիզիկական, սոցիալական բարեկեցությունը:

 

Առողջապահության ոլորտում կվերանայվեն պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները, պետպատվեր իրականցնող խոշոր բժշկական հաստատությունների համար կներդրվի պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ եւ կոմերցիոն մուտքերի թափանցիկ ֆիքսում:

 

Կմշակվի մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելու ծրագիրը իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ կներդրվի հաճախորդների կողմից բժիշկների գնահատման, բողոք-պահանջների գրանցման, լաբորատոր հետազոտությունների համակարգը:   

 

Արդեն իսկ մեծացրել ենք դիֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի, ինչպես նաեւ անհետաձգելի համարվող ծառայությունների ֆինանսավորումը:

 

Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում ենք մարզային բժշկական կենտրոնների վերակառուցման եւ բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներ:

 

Կկանոնակարգենք պայքարը կեղծ դեղերի շրջանառության դեմ: Կքրեականացնենք կեղծ բժշկական նշանակության արտադրությունը, կեղծ դեղերի շրջանառությունը:

 

Կիրականացնենք միջազգային կլինիկական ուղեցույցերի եւ պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը:  Այս քայլով կստանդարտացնենք բժիշկների գործողությունները տարբեր հիվանդությունների դեպքում եւ կպաշտպանենք մեր քաղաքացիներին հնարավոր ավելորդ հետազոտություններից եւ սխալ բուժումներից:

 

Քայլեր՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու ճանապարհին

 

Ուզում եմ անդրադառնալ նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Պետք է աշխատենք Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին եւ ցույց տանք այն լավագույնը, որ մենք կարող ենք առաջարկել զբոսաշրջիկին:

 

Անցած ամիսների ընթացքում իրականացվել են բազմաթիվ քայլեր մեր երկիր այցելուների թիվը ավելացնելու ուղղությամբ.

 

•    Վերագործարկվել է Գյումրու օդանավակայանը, որտեղից թռիչքներ Է իրականացնում առաջին բյուջետային ավիաընկերությունը եւ որտեղ բազավորվել է հայկական  ավիաընկերություն.

•    Մի շարք ավիաընկերություններ մուտք են գործել հայաստանյան շուկա, ավելացել են մի շարք նոր ուղղություններ: Ավելացել է գրեթե բոլոր ավիաընկերությունների թռիչքների հաճախականությունը դեպի Երեւան:

•    Իրականացրել ենք դեպի Հայաստան մուտքի վիզայի վերացում կամ դյուրացում 8 երկրների քաղաքացիների համար եւ այս գործընթացը լինելու է շարունակական:

 

Զբոսաշրջիկների թվի աճ

 

2017թ. շուրջ 30%-ով աճել է Հայաստանի Հանրապատություն ընդհանուր այցելությունների թիվը:

 

Ապագային միտված՝ Կառավարությունը նպատակադրում է 2017-2022թթ. իրականացվելիք  քայլերի եւ միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Ձմեռային հանգիստը աշխուժացնելու համար տարբեր ծրագրեր ենք իրակացնելու Ծաղկաձորում, Ջերմուկում: Սեւանա լճի ափամերձ հատվածը վերափոխելով՝ ապահովելու ենք հանգստի նոր որակ: Աշխատելու ենք այլ քաղաքներից դեպի Հայաստան ուղիղ չվերթների քանակը եւ աշխարհագրությունը ավելացնելու ուղղությամբ:

 

Տնտեսության ստաբիլացում

 

Այսօր չեմ անդրադառնա բոլոր ոլորտներին, սակայն ասեմ, որ ծրագիրը մանրամասն ներկայացնում է կառավարության մոտեցումները եւ քայլերը, եւ բոլոր ոլորտներում ունենք համակարգային լուծումներ, որոնք ապահովելու են տվյալ ոլորտի կայուն եւ հիմնովին զարգացումը, մեր միջավայրը դարձնելու հասկանալի եւ կանխատեսելի:

 

Այս տեմպերը եւ աշխատաոճը պահելով՝ այս տարի ունենալու ենք տնտեսության ստաբիլացում եւ անցում ենք կատարելու երկարաժամկետ եւ կայուն զարգացման՝ արդյունքում փոխելով մեր քաղաքացու կյանքի որակը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին