Հայաստանը վճռական է շարունակել բարեփոխումները Եվրամիության աջակցությամբ, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

Փետրվար 15, 2026
6270 դիտում

Հայաստանը վճռական է շարունակել բարեփոխումները Եվրամիության աջակցությամբ, ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ "մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումներին» սկզբունքը”:

Սերժ Սարգսյանն այս մասին ասել է` այսօր Վարշավայում ելույթ ունենալով ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում:

 

“Կարեւոր են տարբերակված մոտեցման եւ ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի”, - ընդգծել է նախագահը:

 

“Հայաստանում գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը եւ այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան:

 

Մենք ծրագրում ենք Եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա եւ լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետեւողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում”, - ասել է Հայաստանի նախագահը:

 




Մեր ընտրանին