«Դուք պետք է անկախ լինեք»,- ասել է նախագահը ՍԴ-ում - Mediamax.am

4832 դիտում

«Դուք պետք է անկախ լինեք»,- ասել է նախագահը ՍԴ-ում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է:

«Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում եւս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է եւ համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երեւույթները շարունակական լինեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանում:

 

Նախագահի խոսքով՝ Հայաստանում հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր կա:

 

«Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու եւ ներկայացնելու խնդիր: Այստեղ եւս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաեւ նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարեւոր չէ՝ նաեւ ընկալման մակարդակը բարձրացնելու համար»,- հավելել է Սերժ Սարգսյանը

 

Դիմելով ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նա «միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար եւ բարդ»:

 

«Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների եւ դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել»,- ընդգծել է նախագահը:

 

Գագիկ Հարությունյանն էլ անհրաժեշտ է համարել Սահմանադրությունն իսկապես կյանքի կոչել կարողանալը:

 

«Ամեն ինչ կանենք միասին՝ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ դատական համակարգը այս երկրում կայացնելու համար: Վիճակն այնպիսին է, որ, այո՛, դինամիկա կա, քայլեր կան, բայց որպես կայացած համակարգ, մենք, ինչպես ասում են, պետք է սկսենք հիմքերից եւ կարողանանք կյանքի կոչել այն, ինչ ցանկանում էինք սահմանադրական բարեփոխումների ընթացքում: Միասին փորձենք տեղից շարժել այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են եւ օր առաջ պետք է լուծվեն»,- ասել է Գագիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին