Կաթողիկոսները կոչ են արել «հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում» - Mediamax.am

4711 դիտում

Կաթողիկոսները կոչ են արել «հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր քննարկել են հանրապետությունում տեղի ունեցող բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումները:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ կաթողիկոսները, բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, կարեւորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով:

 

Արամ Ա-ն, մասնավորապես, ողջունել է Սերժ Սարգսյանի կոչը, որ «ուժերը կողք կողքի գան եւ սեղանի շուրջ նստեն ու խոսեն»:

 

«Նախագահի եւ Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը պետք է լինի, որովհետեւ այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, Արցախին մանավանդ: Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետեւ պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով: Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում: Սա է, որ ուզում էինք Ձեզ փոխանցել, պարո՛ն վարչապետ»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

 

Կաթողիկոսն ընդգծել է, որ այս օրերին «գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում»:

 

«Վերջիվերջո, այս ցույցերի հետեւանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների հաղթահարումը ամիսներ են տեւելու: Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել: Մենք պետք է ցուցարարներին ասենք՝ սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք ենք: Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Հարցերը քննելու միասնական այդ ճիգով դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար: Սա է, որ պետք է լինի: Այս մթնոլորտում նման ձեւով շարունակելը վնաս է՝ վնաս է հայրենիքին, վնաս է մեր ժողովրդին»,- հավելել է Արամ Ա-ն:

 

Գարեգին Բ-ն էլ հույս է հայտնել, որ «աստիճանաբար այս իրավիճակը կհանդարտվի, կխաղաղվի, եւ մարդիկ կլծվեն հայրենաշինության ու երկրի անվտանգության նվիրական գործին»: 

 

«Առջեւում նաեւ ապրիլի 24-ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը: Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի եւ առաջնորդի՝ շիտակ ապրելու եւ շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը ողբերգություններից, կորուստներից»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին