Քաղաքաշինության կոմիտեում աշխատակազմին ներկայացվել է նոր ղեկավարը - Mediamax.am

4578 դիտում

Քաղաքաշինության կոմիտեում աշխատակազմին ներկայացվել է նոր ղեկավարը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին այցելել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե եւ աշխատակազմին ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին:

Փոխվարչապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքաշինական գերատեսչությունը շուրջ հինգ տարի ղեկավարած Նարեկ Սարգսյանին՝ կատարած աշխատանքի, քաղաքաշինության ոլորտում իր ներդրման համար՝ կարեւորելով քաղաքաշինության Կոմիտեի դերի եւ նշանակության վերագնահատումը:

 

«Քաղաքաշինության կոմիտեն, իմ կարծիքով, պիտի ունենա մի փոքր ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլեւս տեղի չունենա եւ ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը:

 

Ավետիք Էլոյանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ Ավինյանին՝ վստահության, իսկ Կոմիտեի արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանին՝ մասնագիտական խորհրդատվության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

 

 

Տիգրան Ավինյանի գնահատմամբ, Ավետիք Էլոյանի նշանակումն այն եզակիներից էր, որը միայն դրական է ընդունվել հասարակության կողմից:

 

Փոխվարչապետի այս միտքը հաստատել է նաեւ Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ դեռ մեկ շաբաթ առաջ Կոմիտեի աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքաշինական ոլորտի պետական ինստիտուտներում իր 20-ամյա գործունեությանը, կարեւորել է սերնդափոխության միջոցով նոր մտածելակերպի անհրաժեշտությունը:

 

«Ես ասացի՝ շատ կուզեմ, որ երիտասարդ, ավյունով մարդ գա: Այն ժամանակ մենք չգիտեինք, թե ով կնշանակվի: Հիմա ուրախ եմ երկու բանի համար` առաջինը, որ վերջապես, ավանդույթը շարունակական է դառնում եւ կրկին մեզ մոտ նշանակվում է մասնագետ-ճարտարապետ: Երկրորդը` լավ է, որ մասնագիտական շրջանակները, կոլեկտիվը Էլոյանների ողջ ընտանիքին է ճանաչում` նրա հայրը մեծ լումա ունի հատկապես այս գերատեսչությունում եւ քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի մեջ, իսկ մայրը հայտնի է ճարտարապետության տեսության ոլորտում իր ավանդով:

Ավետիք Էլոյանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից. պրոֆեսիոնալ, պարկեշտ եւ մտավորական ընտանիքից է: Կասկած չունեմ, որ սա շատ կարեւոր եւ դրական նշանակում է: Շնորհակալ եմ Ձեզ, որ մեր ոլորտում մարդ է նշանակվում, եւ որ բոլորը բավարարված են այդ նշանակումից», - ասել է Նարեկ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին