Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով - Mediamax.am

7049 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով


Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 5-ին
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 5-ին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկելու են ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման որոշումը:

Այդ մասին որոշման հրապարակումից հետո լրագրողներին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Սահակյանը:

 

Նա տեղեկացրել է, որ նախկին նախագահը հանգիստ է արձագանքել իրեն կալանավորելու դատարանի որոշմանը:

 

Դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տեւած քննությունից հետո հուլիսի 27-ի ուշ երեկոյան բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։

 

ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։

 

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական հատուկ ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:

 

Հուլիսի 26-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ կատարվածը որակել է իբրեւ «իրավական սյուրռեալիզմ»:

 

«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը: Սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել: Միայն հիվանդ երեւակայությամբ մարդը կարող է ենթադրել, որ դա հնարավոր մի բան է»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

Հայաստանի երկրորդ նախագահը նաեւ ասել էր, որ իրեն հետապնդելով, իշխանությունները ցանկանում են կանխել իր հնարավոր մասնակցությունը արտահերթ ընտրություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին