Քոչարյանի գրասենյակը հայտարարել է «այլախոհության բիրտ ճնշման» մասին - Mediamax.am

6632 դիտում

Քոչարյանի գրասենյակը հայտարարել է «այլախոհության բիրտ ճնշման» մասին


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ այսօր Ռոբերտ Քոչարյանի նախատեսված մամուլի ասուլիսի տապալման առնչությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Այսօր, ժամը 12:00 Էրեբունի-Պլազա բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարեւոր քաղաքական հայտարարություններ եւ տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ եւ Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը եւ տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»:

 

Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, եւ նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որեւէ կասկած չի թողնում:

 

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն եւ մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու եւ հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում եւ հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը եւ ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանոմ»:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին