Վիգեն Սարգսյանը Հայկ Մարությանին անվանել է «գավառական ծաղրածու» - Mediamax.am

4621 դիտում

Վիգեն Սարգսյանը Հայկ Մարությանին անվանել է «գավառական ծաղրածու»


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատել է «Իմ քայլը» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի վերջին ելույթը:

Սեպտեմբերի 2-ին Հայկ Մարությանը, մասնավորապես, ասել էր.

 

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել՝ չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք , ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են»:

 

«Այ գավառական ծաղրածու,

 

Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որեւէ մեկն իրավունք չունի դասելու երեւանցիներին սեւերի եւ սպիտակների», - գրել է Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը եւ ցածր բարոյականությունը: Երկրի եւ քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ եւ հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ եւ հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:

 

Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ եւ գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սեւ չի դարձնում:

 

Կան նաեւ մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը եւ հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, եւ դա եւս նրանց սեւ չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը: Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաեւ մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից:

 

Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավել մրցակիցներիդ համար, այլեւ ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին», - գրել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին