«Ժառանգություն». Գաղտնալսման հեղինակները պետք է պատժվեն - Mediamax.am

3344 դիտում

«Ժառանգություն». Գաղտնալսման հեղինակները պետք է պատժվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս:«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման եւ ձայնագրության հրապարակման կապակցությամբ։

«Մենք եւս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի եւ թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը:

 

 

«Ժառանգությունը» շարունակում է աջակցել գործող կառավարությանը, այդ թվում՝ կոռուպցիայի հաղթահարման, տնտեսության ազատականացման ու հակամենաշնորհայնացման, 2008թ. մարտի 1-ի եւ նախկին իշխանությունների կատարած  պետական այլ չարաշահումների բացահայտման ու մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելու գործում: 

 

Կատարվածը նաեւ հուշում է ԱԱԾ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին անվտանգությունը ապահովող պետական հիմնական կառույցի, արմատական բարեփոխման, դրանում կադրային համալիր փոփոխությունների կարեւորության մասին»,- ասված է հայտարարությունում:

 

 

«Ժառանգությունը» հորդորել է իրավապահ մարմիններին՝ «մինչեւ վերջ հետեւողական լինել նշված ապօրինի գաղտնալսումը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում»։

 

Կուսակցությունը կոչ է արել նաեւ կառավարության համապատասխան կառույցներին՝ «պահպանել առավելագույն զսպվածություն եւ հանդարտություն, ձեռնպահ մնալ այնպիսի կտրուկ գործողություններից, որոնք կարող են հակասել քաղաքացիական ազատության սկզբունքներին, վնասել ներհասարակական համերաշխությանն ու ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին