Արտահերթ ընտրություններն «անխուսափելի» են, ասել է Փաշինյանը - Mediamax.am

6191 դիտում

Արտահերթ ընտրություններն «անխուսափելի» են, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին երեկոյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում որոշ մանրամասներ է ներկայացրել Նյու Յորքում եւ Դուշանբեում ունեցած իր հանդիպումների մասին, խոսել է առաջիկա անելիքների մասին:

Մեդիամաքսը ներկայացնում է վարչապետի ելույթի հիմնական թեմաները:

 

Արտահերթ ընտրությունների մասին

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեպտեմբերի 29-ից սկսելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդրի քննարկումները քաղաքական ուժերի հետ:

 

Նրա խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակը վկայում է այն մասին, որ հանրությունը հստակ ձեւակերպել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը:

 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ համաձայնության կգան եւ նշել է, որ քննարկումներից առաջ ինքը նախապայմաններ չի դնելու:

 

Վարչապետը շեշտել է, որ արտահերթ ընտրություններն «անխուսափելի» են եւ պետք է կայանան որքան հնարավոր է շուտ:

 

Ալիեւի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թեեւ Իլհամ Ալիեւի հետ իր զրույցը ոչ ֆորմալ բնույթ է կրել, իրենց հաջողվել է մի քանի պայմանավորվածություն ձեռք բերել:

 

Երկու երկրների ղեկավարները հանձարարել են պաշտպանության նախարարներին քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում լարումն իջեցնելու եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխելու նպատակով:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Իլհամ Ալիեւի հետ արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցային եղանակով:

 

Վարչապետը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են համապատասխան կառույցներին հանձնարարություն տալ կողմերի միջեւ

օպերատիվ կապի հնարավորություն ստեղծելու մասին:

 

Ռուսաստանի եւ Պուտինի հետ հարաբերությունների մասին

 

Խոսելով Վլադիմիր Պուտինի հետ իր առանձնազրույցի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունների «անցումային, հետհեղափոխական շրջանը» կարելի է ավարտված համարել: Վարչապետն ասել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ունի լիարժեք փոխըմբռնում, ինչը չի նշանակում, որ իրենք միակարծիք են բոլոր հարցերում:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մայիսին Սոչիում կայացած առաջին հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի հաճախ են մեղադրում այլ երկրներին իր կամքը թելադրելու համար, սակայն «մեր համատեղ աշխատանքի ընթացքում ես կհամոզվեմ, որ դա այդպես չէ»: Հայաստանի վարչապետն ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ինքը համոզվել է, որ Ռուսաստանի նախագահի այդ հավաստիացումը ճշմարտացի էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին