«Հրատապ ընտրությունները վտանգում են քաղաքական բազմակարծությունը» - Mediamax.am

2789 դիտում

«Հրատապ ընտրությունները վտանգում են քաղաքական բազմակարծությունը»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ «ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունը, իշխանությունների լիակատար տարանջատումը եւ ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար»:

«Ազգային ժողովն ընտրվել է օրինական, արդյունքները ճանաչվել եւ լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ՝առանց բացառության: Հետեւաբար, իրավական առումով Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որեւէ հիմք առկա չէ: Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հավասարակշռման եւ տարանջատման սկզբունքը: Սա դոգմա է եւ պետք է կիրառելի լինի բոլորիս համար, այդ թվում՝ նոր կառավարության»,- նշել է Էդուարդ Շարմազանովն ԱԺ հայտարարությունների ժամին:

 

Նա հիշեցրել է, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք եւ փոփոխություններ կատարվեն կուսակցությունների մասին օրենքում եւ այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պարագայում: 

 

«Ո՞ւր է ընդունված ընտրական օրենսգիրքը, ո՞ւր է կուսակցությունների մասին նոր օրենքը եւ ո՞ւր է վերջապես քաղաքական կոնսենսուսը խորհրդարանական ուժերի միջեւ: Չկա որեւէ բան»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: 

 

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ «Հայաստանի թիվ մեկ օրակարգային հարցը ոչ թե խորհրդարանական արտահերթ զարգացումները պետք է լինեն, այլ անվտանգության ապահովումը մեր ժողովրդի սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին