Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ Հանրապետական, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունները չեն առաջադրի վարչապետի թեկնածու:
Այս մասին նա նշել է Ազգային ժողովի բակում հանրահավաքի մասնակիցների հետ հանդիպմանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ 3 ժամ տեւած բանակցությունների արդյունքներով:
«Հանդիպմանը ես ասացի, որ երկում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը մենք պետք է հաղթահարենք: Հանրապետական, Ծառուկյան, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները եւս նշեցին, որ ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ երկիրը շահած դուրս գա այս իրավիճակից:
Ես ասացի, որ առաջիկա օրերին հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից եւ ակնկալում եմ, որ գործող խորհրդարանը չի գրգռի մարդկանց. եթե հանկարծ խմբակցությունները վարչապետի թեկնածու առաջադրեն, պետք է գիտակցեն, որ դա հանրության շրջանում, մեղմ ասած, վատ արձագանք կառաջացնի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական ուժերին առաջարկել է ստորագրել փաստաթուղթ, որ որեւէ կոնկրետ օր ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, որից հետո խմբակցությունները երկու անգամ չեն առաջադրի վարչապետի թեկնածու, որի արդյունքում դեկտեմբերին կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններ:
«Նրանք, ըստ էության ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը: Երեք խմբակցություններն էլ բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ չեն պատրաստավում ոչ առաջին, ոչ երկրորդ անգամ առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ հնարավոր է քննարկումների արդյունքում ինքը որեւէ հարց սխալ է հասկացել եւ տարընթերցումներ լինեն, ուստի կոչ է արել հաջորդող օրերին խմբակցություններին սեփական հարցազրույցներում շտկել իր ասածը:
Անդրադառնալով հարցին, թե որն է արտահերթ ընտրությունները շտապ անցկացնելու հիմնավորումը, վարչապետն ասել է, որ «այս իրավիճակը վկայում է՝ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է րոպե առաջ հանգուցալուծվի»:
«Մենք այսօր ցույց տվեցինք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը քաղաքացիական, համաժողովրդական պահանջ է: Եվ նրանք, ովքեր դեմ կգնան այդ պահանջին, պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին: Իմ տպավորությամբ այդ ուղերձը ՀՀԿ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից ընկալված է: Բայց որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չկա»,- հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովն այսօր երեկոյան արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման եւ արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։ Այնուհետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել ԱԺ շենքի դիմաց՝ բողոքի խաղաղ ցույցի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: