Արտգործնախարարը խոսել է արտահերթ ընտրությունների մասին - Mediamax.am

3977 դիտում

Արտգործնախարարը խոսել է արտահերթ ընտրությունների մասին


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց Հայաստանի հասարակության, իր բոլոր շերտերի եւ ինստիտուտների քաղաքական հասունության եւ իրավագիտակցության նշանակալի բարձր մակարդակը»:

«Առանձնահատուկ կարեւոր է Հայաստանի երիտասարդության եւ կանաց ակնհայտ ակտիվ դերակատարությունը, ովքեր կանգնած էին հեղափոխության առաջնագծում: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը վերջերս հատուկ անդրադարձավ երիտասարդության դերակատարությանը հայաստանյան իրադարձություններում, որոնք բնութագրեց որպես խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ: Հայ հասարակության ամուր աջակցությունը Հայաստանի վարչապետին եւ կառավարությանը եւ՛ ոգեշնչող է, եւ՛ պարտավորեցնող», - ասել է նախարարը հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում՝ Արեւելյան Գործընկերության նախարարական հանդիպմանը:

 

«Սեպտեմբերին Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները ցուցադրեցին շարունակական հանրային աջակցությունն ու մանդատը՝ տրված կառավարության եւ վարչապետի քաղաքական հիմքը հանդիսացող ուժին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդական պահանջը սահմանում է Հայաստանում ներկայիս քաղաքական իրադրությունը. ընտրություններն ակնկալվում է անցկացնել 2018թ․ դեկտեմբերին։ Ինչպես ցույց տվեցին ավագանու ընտրությունները, իրապես ազատ եւ արդար ընդհանուր ընտրությունների անցկացումը հանդիսանում է այս կառավարության բացարձակ առաջնահերթությունն ու ամուր քաղաքական կամքը», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին