Փաշինյանը՝ Պետրոս Մեծի, Ռուսաստանի եւ եվրոպական արժեքների մասին - Mediamax.am

4910 դիտում

Փաշինյանը՝ Պետրոս Մեծի, Ռուսաստանի եւ եվրոպական արժեքների մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք եւ խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի»։

Այդ մասին կառավարության ղեկավարն ասել է Nouvelle d'Arménie ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները:

 

«Հիշենք Իսրայել Օրիին։ Նա սկսեց իր ճամփորդությունը Եվրոպայում։ Նա շրջեց եվրոպական մայրաքաղաքներում, ապա մեկնեց Ռուսաստան եւ իր ջանասիրության շնորհիվ՝ հաջողեց համոզել Ռուսաստանին միջամտել մեր տարածաշրջանի գործերին։  Այլ երկրներ եւս պատրաստ էին այդ դերը տանել, բայց տարբեր պատճառներով նման բան տեղի չունեցավ։ Ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարեւոր է։ Մենք որեւէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետեւ այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ 

 

Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները եւ ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ. փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն հասկացումը. Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքսիտին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն. դրանք նաեւ մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։ 

 

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն անչափելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական այսժամանակյա իրականության վրա։ Ինձ համար եվրոպական արժեքները մեր արժեքներն են, ինչպես Ֆրանսիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, Ռուսաստանի համար, որովհետեւ մենք դրանք ստեղծել ենք միասին։ Ուրեմն, մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում  իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք եւ խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին