Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները - Mediamax.am

1008 դիտում

Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

Դրանում ասված է.

 

«Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն եւ անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը:

 

Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող եւ հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռեւս 09.04.2024 թվականին ավարտվեց եւս մեկ դատավարական փուլ եւ դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ:

 

Դեռեւս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով.

 

https://www.sns.am/hy/news/view/639

 

https://www.sns.am/hy/news/view/640)

 

հանրության մոտ նպատակաուղղված ձեւավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի եւ գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ եւ գործով անցնող մյուս անձանց մեղավորության` որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձեւավորմանը:

 

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերեւույթ հանցագործության եւ անձի մեղավորության առնչությամբ ձեւակերպումները չպետք է ձեւավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարեւոր հանգամանքների:

 

Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված եւ ներկայացված մեղադրանքի հետ որեւէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաեւ վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի եւ մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից:

 

Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաեւ իմ կողմից ներկայացված միջնորդությունը` տեղում զննել նաեւ նույն խմբաքանակով ներմուծված եւ ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները եւ դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ:

 

Դատարանի կողմից չապահովվեց նաեւ փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտածածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին:

 

Զննության արդյունքներով հոդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» եւ «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետեւություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձեւավորելու համար:

 

Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել եւ լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին