Դավիթ Տոնոյան․ Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս - Mediamax.am

969 դիտում

Դավիթ Տոնոյան․ Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։

Դրանում ասված է․

 

«2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել իմ նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությանը, անժամկետ կալանավորված լինելու հարցին, նախկին և գործող դատավարական օրենսգրքերի անցումային դրույթների հակասական մեկնաբանության և կիրառման պրակտիկայի արդյունքում իմ կալանքը այլընտրանքային խափանման այլ միջոցներով փոխարինելու միջնորդությունների անհիմն մերժումներին, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքի այլ խնդրահարույց դրսևորումներին:

 

18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն  իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:

 

Դատավորն այս անգամ «մոգոնել» է կալանքի մի նոր հիմք՝ նշելով, որ ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը դատավորին ողջամիտ ենթադրության հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, ՌԴ-ում իմ որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

 

Դժվարանում եմ ողջամիտ բացատրություն գտնել այն ենթադրությանը, որ օտարերկրյա փաստաբանի ներգրավման կամ ՌԴ-ում իրավունքի պաշտպանության անհրաժեշտության փաստը կարող է ՌԴ մեկնելու, առավել ևս թաքնվելու մասին վկայել, բայցեւայնպես դատավորն իր անհասկանալի բացատրություններով չի նշել որևէ պատճառ, թե ինչու չի կարող արգելել իմ ելքը ՀՀ-ից, այնինչ, նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։

 

Ստացվում է, որ եթե մինչ այս պահը ինձ կալանքի տակ պահելու հիմքում դրված էր քրեական վարույթին խոչընդոտելու մտացածին ռիսկը, ապա վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ Դոլմազյանը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով Ռուսաստանի Դաշնությունումը գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ:

 

Դատավոր Դոլմազյանի այսօրինակ ապօրինությունները և դրանց վերաբերյալ վերադաս դատական ատյանների հանդուրժողականությունն ապացուցում է իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընդգծված և անթաքույց  քաղաքական բնույթը, ինչն արդեն «միմոսություն» կարելի է անվանել։

 

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում նաև դատավորի կողմից կայացված այս առեղծվածային որոշման վրա` իմ կողմից բարձրացված մնացած հարցերի հետ միաժամանակ այն դիտարկելու նպատակով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին