Ինչո՞ւ է Ադրբեջանի դեսպանը հապճեպ հայտարարություն անում…Հունգարիայի ԱԳՆ անունից - Mediamax.am

5522 դիտում

Ինչո՞ւ է Ադրբեջանի դեսպանը հապճեպ հայտարարություն անում…Հունգարիայի ԱԳՆ անունից


Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը
Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը

Երեւան: Մեդիամաքս: Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, խախտելով դիվանագիտական պրակտիկայի չգրված օրենքը, այսօր հայտարարություն է արել Հունգարիայի ԱԳ նախարարության անունից:

Ինչպես հաղորդում է Տրենդը, Վիլայաթ Գուլիեւն ասել է, որ «Հունգարիայի ԱԳՆ-ն անհեթեթություն է որակել հաղորդագրությունն այն մասին, որ Բուդապեշտը քննարկում է Բաքվի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը:

 

Գուլիեւն ասել է, որ այսօր հանդիպել է Հունգարիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի,  Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Էրնե Կեշնենիի հետ, ով իբր այդ լուրը «անհեթեթություն» է անվանել:

 

Իրականում Վիլայաթ Գուլիեւի հապճեպ արված հայտարարությունը կարող է վկայել այն մասին, որ Մեդիամաքս-ի աղբյուրի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Բացի այդ, եթե Գուլիեւի եւ Կեշնենիի հանդիպումը իրոք կայացել է այսօր, ապա դա տեղի է ունեցել վաղ առավոտյան, ինչը եւս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դեսպանը շտապ քննարկման ենթակա հարցեր է ունեցել:

 

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրը: Նրա խոսքով, այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:

 

Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին