Մեծ Բրիտանիայի դեսպանը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ մասին` «գուցե նրանք այդքան էլ ընդդիմադիր չե՞ն» - Mediamax.am

4300 դիտում

Մեծ Բրիտանիայի դեսպանը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ մասին` «գուցե նրանք այդքան էլ ընդդիմադիր չե՞ն»


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը

Լուսանկարը` PanArmneian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը «հիասթափեցնող» է անվանել այն փաստը, որ Հայաստանի «խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում»:

Դիվանագետն այդ մասին գրել է իր բլոգում:

 

«Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունը լավագույն ընտրություններ անցկացնելու մասին: Բայց հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում:

Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում: Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձեւը եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել», - գրել է դեսպանը:

 

«Տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք դա հնարավոր է: Հուսով եմ, որ հնարավոր է», - նկատել է Քեթրին Լիչը:

 

Նա նաեւ ասել է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն երեք ոլորտներին`ընտրողների ցուցակներ, հանրային ծառայողների ներգրավում, բողոքներին արդյունավետ արձագանքում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին