Էրդողանը դժգոհ է Նոբելյան կոմիտեից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից - Mediamax.am

3832 դիտում

Էրդողանը դժգոհ է Նոբելյան կոմիտեից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից


Թուրքիայի նախագահը Ռեջեբ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահը Ռեջեբ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` www.businessinsider.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահը Ռեջեբ Թայիփ Էրդողանը շարունակում է քննադատել միջազգային տարբեր կառույցներին անաչառության պակասի մեջ:

Ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը, դեկտեմբերի 3-ին, հանդես գալով նախագահական մրցանակի շնորհման արարողությանը, Էրդողանն ասել է, թե «անգամ Նոբելյան մրցանակը չի շնորհվում արդարացի կերպով»:

 

«Աշխարհում, որտեղ միջազգային կառույցները որոշումներ են կայացնում՝ ելնելով սեփական գաղափարախոսությունից, քաղաքականությունից եւ համոզմունքներից, օբյեկտիվ մոտեցումներ մի ակնկալեք: Արդյո՞ք Նոբելյան մրցանակը շնորհվում է արդարացիորեն: Ո՛չ: Արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կայացնում է արդարացի որոշումներ: Ո՛չ, երբեք»,- ասել է Էրդողանը:  

 

Թուրքիայի նախագահը հավելել է, որ իր երկիրը չպետք է լուռ հետեւի, թե ինչպես են գերտերությունները շարադրում մշակույթի եւ գիտության պատմությունը:

  

Ավելի վաղ Էրդողանը հանձնարարել էր Թուրքիայի կրթական հաստատություններին կրթական ծրագրերում ներառել եւ ընդգծել իսլամի դերը համաշխարհային գիտության եւ մշակույթի բնագավառում՝ հայտարարելով, թե «մուսուլման նավարկուները Կոլումբոսից 300 տարի առաջ են բացահայտել Ամերիկյան մայրցամաքը»: 

 

Դեկտեմբերի 3-ին Էրդողանն իր ելույթում քննադատել է նաեւ ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը՝ որոշումները խորհրդի 5 մշտական անդամներով կայացնելու համար:

 

«ՄԱԿ-ը, որը հիմնադրվել է որպես հետպատերազմյան միջազգային համակարգ, հազիվ թե ներկայացնում է ողջ աշխարհը: Ամբողջ աշխարհի ճակատագիրը չի կարող գտնվել միայն հինգ երկրների ձեռքում»,- ասել է Էրդողանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին