The New York Times-ը՝ Ալիեւի «երկու երեսների» մասին - Mediamax.am

5342 դիտում

The New York Times-ը՝ Ալիեւի «երկու երեսների» մասին


Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը
Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` http://www.nato.int


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը հանդես է եկել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի ավտորիտար իշխանությունը քննադատող ծավալուն խմբագրականով:

 

«Պարոն Ալիեւի երկու երեսը»  վերտառությամբ խմբագրականում պարբերականը գրում է.

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վարպետորեն խաղում է քաղաքական Ջեքիլին եւ Հայդին (համեմատություն շոտլանդացի գրող Ռոբերթ Սթիվենսոնի «Բժիշկ Ջեքիլի եւ պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գրքի հերոսների հետ – Մեդիամաքս): Բաքվում ԱՄՆ դեսպանն իր հաղորդագրություններում, որոնք բացահայտվեցին WikiLeaks-ի միջոցով, նկարագրում է նրան որպես Մայքլ Կորլեոնե եւ Սանի Կորլեոնե՝ համեմատելով մաֆիայի մասին պատմող «Կնքահայր» ֆիլմի՝ սառնասիրտ հաշվարկով եւ դաժանությամբ հայտնի հերոս եղբայրների հետ: Պարոն Ալիեւն Արեւմուտքի կողմից հիացմունքի արժանի «արեւմտամետ է». նա  հարգալից է, լավ հագնված եւ խոսում է անգլերեն, նա պատրաստ է ուղարկել իր երկրի նավթի եւ գազի պաշարները Եվրոպա եւ Իսրայել, նրա իսլամական հայացքները հավասարակշիռ են եւ ժամանակակից, նա հյուրընկալում է միջազգային միջոցառումներ, ինչպես, օրինակ, 2012 թ-ի Եվրատեսիլը  եւ այս տարվա հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը: 

 

Սակայն նա չափազանց կոռումպացված է, իսկ իր կողմից ղեկավարվող ավտորիտար ռեժիմն աշխարհում ամենավատ համբավն ունի մարդու իրավունքների ոտնահարման առումով»:

 

Ամերիկյան պարբերականը հիշատակում է Ադրբեջանում դեռեւս նախորդ տարի անկախ մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեմ սկսած արշավի մասին, այդ թվում՝ “Ազատություն” ռադիոկայանի Բաքվի գրասենյակի խուզարկությունը եւ ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալությունն ու հարցաքննությունը, «Ազատության» լրագրող Հադիջա Իսմայիլովայի դեմ սկսած հետաքննությունը, իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դեմ մեղադրանքները եւ այլն:

 

«Պարոն Ալիեւը, իհարկե, միակ բռնապետը չէ, ում հմուտ քաղաքականությունն ու բնական պաշարների նկատմամբ վերահսկողությունը ստիպում են ամերիկյան եւ եվրոպական քաղաքական գործիչներին բախվել, ինչպես WikiLeaks-ն էր նշել, «ԱՄՆ շահերի եւ ԱՄՆ արժեքների միջեւ սկզբունքային ընտրության հետ»: Նրա հայրը՝ Հեյդար Ալիեւը, իշխել է Ադրբեջանում 1969-ից մինչ մահը՝ 2003թ., նախ որպես խորհրդային առաջնորդ, ապա՝ որպես նախագահ: Որդին, ով նախագահ է ընտրվել հոր մահվանը հաջորդած եւ կասկած հարուցող երեք ընտրությունների արդյունքում, անշեղորեն ստեղծում է հոր անձի պաշտամունքը»,- ասվում է խմբագրականում:   

 

Հեղինակները նշում են, որ, թեեւ Իլհամ Ալիեւը զարգացնում է հարաբերությունները Արեւմուտքի հետ, այնուամենայնիվ, նա համոզված է, որ իր երկրում գործող միջազգային կազմակերպությունները, այդ թվում “Ազատություն” ռադիոկայանը, արեւմտյան լրտեսներ են, որոնց միջոցով Արեւմուտքը իբր թե փորձում է ազատվել Ալիեւից:

 

«Արեւմուտքը պետք է հասկանա, որ բռնապետ պարոն Ալիեւը իրական պարոն Ալիեւն է: Մինչ նա խստացնում է իր արշավը քաղաքական ընդդիմախոսների եւ ազատության դրսեւորումների դեմ, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պետք է այսուհետ հստակեցնեն, որ անկախ այն փաստից, որ ստիպված են բիզնես վարել Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, Արեւմուտքը պատրանքներ չունի, թե ով է նա եւ որ նա վնաս է հասցնում սեփական երկրին»,- եզրափակում են հեղինակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին