Հայտնի են Թբիլիսի-Երեւան ավիաչվերթի որոշ մանրամասներ - Mediamax.am

exclusive
9805 դիտում

Հայտնի են Թբիլիսի-Երեւան ավիաչվերթի որոշ մանրամասներ


Լուսանկարը` http://www.airliners.nl/


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը որոշ մանրամասներ է պարզել Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի ավիաչվերթի մասին, որն այսօրվանից իրականացնելու է վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը:

Ինչպես ավելի վաղ էր հայտնվում, թռիչքներ են իրականացվելու շաբաթական չորս անգամ, իսկ տոմսի արժեքը կազմելու է «€55-ից սկսած»:

 

Airzena-Georgian Airways-ի տոմսարկղերից մեկում Մեդիամաքսին պարզաբանել են, որ մեկ ուղղության տոմսի արժեքը նշված է առանց հարկերի ու տուրքերի, որոնց հետ միասին այն կկազմի €78: Ավելին, այդ գնով վաճառվող տոմսերի քանակը մեծ չի լինի, եւ մեկ ուղղությամբ թռիչքի միջին արժեքը կկազմի €100:

 

«Միտիտուր» թբիլիսյան տուրիստական գործակալությունից Մեդիամաքսին հայտնել են, որ Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթը մեծ պահանջարկ կունենա:

 

«Արդեն առաջին հաճախորդներն ունենք, որոնք ինչպես Վրաստանի քաղաքացիներ են, այնպես էլ այստեղ աշխատող օտարերկրացիներ: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ամառային շրջանում մարդիկ կնախընտրեն օդանավով ճանապարհորդել, եւ ոչ թե մեքենաներով կամ ավտոբուսներով»,- նշել են գործակալությունում:

 

Airzena-Georgian Airways ընկերությունից Մեդիամաքսին հայտնել են, որ «իրենց ակնկալիքներով՝ նոր ուղղությունը հաջողություն կունենա»:

 

Վրաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Գաչեչիլաձեն Մեդիամաքսին ասել է, որ Airzena-Georgian Airways-ը հայտ է ներկայացնել՝ ամառային շրջանից հետո ավիահաղորդակցությունը շարունակելու համար:

 

Հայաստանի ու Վրաստանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2011թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին