«Բաքուն, Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը» - Mediamax.am

4888 դիտում

«Բաքուն, Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը հայտարարել է, որ «Բաքուն, Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի կարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գեներալն այդ մասին հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ։

 

Սերգեյ Իստրակովը նշել է, որ կենտրոնը, որը սկսել էր աշխատանքը 2021 թվականի հունվարի 30-ին, «երեք երկրների ռազմական անձնակազմի հաջող փոխգործակցության եւ ակտիվ համատեղ աշխատանքի օրինակ էր՝ հանուն կայուն խաղաղության ադրբեջանական հողում»։

 

«Ռուս եւ թուրք խաղաղապահները ստեղծել էին վերահսկողության, հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների պահպանման հուսալի համակարգ, եւ ամուր հիմքեր էին դրել բազմաչարչար հողի վրա խաղաղ կյանքի հաստատման համար»,- նշել է նա։

 

«Բոլոր դրված խնդիրները ռուս եւ թուրք գործընկերների կողմից լուծվել են բարեկամական աշխատանքային մթնոլորտում։ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միասին արվել է հնարավորը տարածաշրջանի ստեղծագործ եւ առանց հակամարտությունների զարգացման համար։

 

Ադրբեջանա-ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ բարիդրացիության ոգով։ Տարբեր ուղղություններով իրականացվում են համատեղ խոշոր տնտեսական ծրագրեր։ Բաքուն, Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի կարեւոր հարցերի լուծման ուղղությամբ»,- նշել է գեներալ Իստրակովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին