Երեւանում կայացել է «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը - Mediamax.am

4342 դիտում

Երեւանում կայացել է «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը



Երեւան: Մեդիամաքս: Մարտի 22-ին Երեւանում կայացել է Վազգեն Ղազարյանի «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը ներկայացրել է Հյուսիսային Կովկասի 37 լեզուների համար իր կողմից մշակված ընդհանրական այբբենական համակարգը:

 

Այդ լեզուներից 34-ն այսօր վտանգված են` սեփական գիր չունենալու պատճառով: Լեզուներից շատերը գրավոր ներկայացված են ռուսերեն այբուբենի միջոցով, որտեղ տարբեր հնչյունական հնարքներով փորձ է արվում լեզուներին համապատասխանեցնել որոշակի տառանշաններ:

 

Մեդիամաքս-ի հետ զրույցում Վազգեն Ղազարյանն ասել է, որ գաղափարն առաջացել է Հյուսիսային Կովկասի լեզուների հպանցիկ ուսումնասիրությունից, երբ պարզ է դարձել, թե ինչպիսի անհարմար գրային համակարգեր են նրանց կողմից օգտագործվում, եւ ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար:

 

«Ժամանակակից պայմաններում լեզուների մրցունակությունը բավականին թույլ է եւ ռուսալեզու ընդհանուր միջավայրում մեծ վտանգ կա, որ այդ լեզուները կարող են կանգնել անհետացման եզրին: Լեզուներին կարելի է զարգացման նոր ազդակներ տալ` կատարյալ հնչյունական այբբենական գիր ստեղծելով՝ հայերենի, վրացերենի եւ աղվաներենի օրինակով»,- ասել է հեղինակը:

 

Վազգեն Ղազարյանը, լինելով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, նշել է, որ բոլորովին պարտադիր չէ կատարելապես տիրապետել այդ լեզուներին հնչյունների արտապատկերման մեխանիզմ առաջարկելու համար:

 

Գնահատելով համակարգի տարածման հնարավորությունները՝ նա նշել է, որ այժմ փորձ է արվում տարածաշրջանի գիտնականներին ծանոթացնել համակարգին եւ որոշել դրա ճակատագիրը:

 

Կովկասյան լեզուներից շատերը չեն դիմացել այլ լեզուների՝ հատկապես ռուսերենի ազդեցությանը, որը մարգիլանացրել եւ գավառայնացրել է լեզուները:

 

Այս լեզուներն աշխարհում առաջնային դիրք են գրավում իրենց հնչաքերականական կառուցվածքով, քանի որ ամենամեծ քանակությամբ բաղաձայներն ունեն: Ըստ հեղինակի՝ կովկասյան լեզուների եռաստիճան բաղաձայնական համարագին (ինչպես օրինակ հայերենում բ-պ-փ կամ ձ-ծ-ց) ռուսերենի այբուբենը չի բավարարում: 

 

«Համակովկասյան այբուբենի նախագիծ»-ը տառ-հնչյուն փոխմիարժեքությամբ օժտված այբուբենների մի համակարգ է, որն այս տարածաշրջանի ցանկացած լեզու կարող է վերցնել եւ համապատասխանեցնել իր սեփական այբուբենին:

 

Համակարգը հիմնված է հայոց, վրաց եւ աղվանից այբուբեններում առկա տառաձեւերի եւ կառուցվածքային տարրերի ձեւաբանական կիրառության վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին