Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Ղարաբաղի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, կարծում է Ռիչարդ Գիրագոսյանը - Mediamax.am

2448 դիտում

Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Ղարաբաղի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, կարծում է Ռիչարդ Գիրագոսյանը


Ռիչարդ Գիրագոսյանը
Ռիչարդ Գիրագոսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանն լուրջ սպառնալիք է հանդիսանում ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռիչարդ Գիրագոսյանն այս մասին ասել է այսօր Երեւանում կայացած քննարկման ժամանակ:

 

Ռիչարդ Գիրագոսյանը նշել է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարցում նկատելի է զգալի տեղաշարժ, որը պայմանավորված է երեք միտումներով.

 

1. ակնառու եւ աճող «սպառազինությունների մրցավազքով», որը բնորոշվում է որպես պաշտպանությանն ուղղված Ադրբեջանի ծախսերի կայուն աճ;

2. Ադրբեջանի կողմից ժամանակակից հարձակողական զինամթերքի ձեռքբերմամբ,

3. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված հարձակումների սաստկացմամբ:

 

Փորձագետի խոսքերով, այսօր Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներն ավելին են, քան զուտ խոսքեր. Ադրբեջանը վճռական է թվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժ օգտագործելու հարցում:

 

Բացի այդ, Ռիչարդ Գիրագոսյանի համոզմամբ, Ադրբեջանը որպես երկիր առավել անկանխատեսելի է դառնում, ինչը, ըստ փորձագետի, ավելի վտանգավոր է, քան Բաքվի կողմից պաշտոնապես պատերազմ հայտարարելը:

 

«Սա բնավ էլ «սառը պատերազմ» չէ: Ես կասեի, որ սա բավական «թեժ պատերազմ» է եւ շարունակում է թեժանալ»,- նկատել է  Ռիչարդ Գիրագոսյանը:

 

Նա հավելել է, որ իրավիճակը դեռ վերահսկելի է, քանի որ հայկական զինված ուժերը շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում:

 

Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ոչ թե վտանգում, այլ ապահովում է տարածաշրջանային խաղաղությունը: 

 

Ռիչարդ Գիրագոսյանի գնահատմամբ, Հայաստանը, շարունակելով եւ ընդլայնելով իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, առավել կանխատեսելի եւ վստահելի գործընկեր է դառնում միջազգային հարթությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին