Թուրքիան «ստեղծարար մտքեր» է փնտրում Հայաստանի հետ հարաբերվելու համար, ասել է Դավութօղլուն - Mediamax.am

3743 դիտում

Թուրքիան «ստեղծարար մտքեր» է փնտրում Հայաստանի հետ հարաբերվելու համար, ասել է Դավութօղլուն


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան «ստեղծարար մտքեր» է փնտրում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, Ահմետ Դավութօղլուն այս մասին ասել է իր շվեյցարացի գործընկերոջ հետ Բեռնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

   

Թուրք նախարարը նշել է, որ Անկարան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

 

Դավութօղլուն շեշտել է, որ գալիք ամիսներին Թուրքիան ավելի մեծ ջանքեր կներդնի այս հարցի կարգավորման ուղղությամբ:

 

«4 տարի առաջ մենք լուրջ ջանքեր գործադրեցինք արձանագրությունները կյանքի կոչելու համար, սակայն դա հնարավոր չեղավ իրականացնել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման պատճառով: Այժմ մենք փնտրում ենք ստեղծարար գաղափարներ եւ նոր ճանապարհներ այդ հարաբերությունները զարգացնելու համար: Երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների մեծ մասը եւս լուծում կգտնի այս շրջանակում»,- ասել է թուրք նախարարը:    

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմետ Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:

 

Ըստ փաստաթղթերի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է հաստատվեին դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվեր 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:

 

2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն  Արձանագրությունները համապատասխանող ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ՍԴ որոշման մեջ արձանագրությունների վերաբերյալ որեւէ նախապայմաններ չկային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին