Ուղեղի գրգռման մեթոդի արդյունքները` ազնվության եւ ստի արանքում - Mediamax.am

44574 դիտում

Ուղեղի գրգռման մեթոդի արդյունքները` ազնվության եւ ստի արանքում


Լուսանկարը` Shadow Bilgisayar


Ցյուրիխի համալսարանի հետազոտողները նկարագրել են ուղեղի մեխանիզմը, որը վերահսկում է ազնվության ու եսասիրության միջեւ որոշումները: Ինչպես գրում է Medicalxpress-ը, հետազոտողները ցույց են տվել, որ ուղեղի ոչ ինվազիվ (առանց ուղիղ կոնտակտի) գրգռման միջոցով կարող են ազդել ազնիվ վարքագծի բարձրացման վրա:

 

Ստեր` ելնելով սեփական նյութական շահերից

 

Փորձի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել ընդլայնել իրենց շահույթը ստի եւ ոչ թե ճիշտն ասելու միջոցով: Հետազոտողները պարզել են, որ մարդիկ զգալի ժամանակահատված ստել են: Այնուամենայնիվ, շատ մարդիկ էլ մնացել են ճշմարտության կողմում:

 

«Շատերը ծանր ու թեթեւ են արել եսասիրության եւ ազնվության շարժառիթները, նրանք ստում էին, բայց ոչ ամեն հնարավոր առիթով»,- բացատրել է Ցյուրիխի համալսարանի փորձարարական էկոնոմիկայի պրոֆեսոր Միշել Մարեշալը:

 

Այնուամենայնիվ, մասնակիցների մոտ 8%-ը ստել է, երբ դա հնարավոր է եղել` առավելագույնի հասցնելով իր շահույթները:

 

Քիչ ստեր` ուղեղի գրգռման միջոցով

 

Հետազոտողներն օգտագործել են ուղեղի գրգռման այնպիսի ոչ ինվանզիվ մեթոդ, որը ուղեղի բջիջներն ավելի զգայուն է դարձնում, եւ դրանք ակտիվ լինելու ավելի մեծ շանսեր են ունենում: Երբ հետազոտողները կիրառել են այս մեթոդը, մասնակիցներն ավելի քիչ են հակված եղել ստելու, սակայն ստախոսների թիվը մնացել է անփոփոխ:

 

«Այս տվյալները վկայում են, որ ուղեղի գրգռումը նվազեցնում է խարդախության հակվածությունը մասնակիցների մոտ, որոնք փաստացի հայտնվում են բարոյական կոնֆլիկտի մեջ, բայց չի ազդում որոշումների կայացման պրոցեսի վրա այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են առավելագույնի հասցնել իրենց շահույթները»,- ասել է պրոֆեսոր Քրիստիան Ռաֆֆը:

 

Հակամարտություն փողի եւ բարոյականության միջեւ

 

Հետազոտողները պարզել են, որ ուղեղի գրգռումն ազդում է միայն նյութական եւ բարոյական շարժառիթները կշռադատելու գործընթացի վրա: Հավելյալ փորձը ցույց է տվել, որ ուղեղի գրգռումը չի ազդել մասնակցի ազնիվ վարքի վրա, երբ ստելը հանգեցրել է այն բանին, որ մեկ այլ մարդ վճարի նրա փոխարեն: Արդյունքների պատկերից պարզ է դարձել, որ գրգռված նյարդակենսաբանական գործընթացը բերում է նյութական եսասիրության եւ ազնվության միջեւ փոխզիջումային լուծման:

 

Վարքագծի կենսաբանական հիմքը

 

Հետազոտողների կարծիքով, այս ուսումնասիրությունները կարեւոր առաջին քայլն են ուղեղի այն գործընթացների որոշման համար, որոնք մարդկանց թույլ են տալիս ազնիվ լինել:

 

Այս նոր արդյունքները բարձրացնում են այն հարցը, թե ինչ աստիճանով է ազնիվ վարքը հիմնված կենսաբանական նախատրամադրվածությունների վրա, որոնք կարող են չափազանց կարեւոր նշանակություն ունենալ:

 

«Եթե ազնվության խախտումները իսկապես օրգանական վիճակ են, ապա մեր արդյունքները հարց են բարձրացնում` ինչ չափով մարդիկ կարող են պատասխանատվություն կրել իրենց սխալների համար»,- եզրափակել է Միշել Մարեշալը:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին