Հայկական արբանյակի ապագան անորոշ է մնում - Mediamax.am

exclusive
45338 դիտում

Հայկական արբանյակի ապագան անորոշ է մնում


Սեւանա լիճը՝ տիեզերքից
Սեւանա լիճը՝ տիեզերքից

Լուսանկարը` Tim Peake


Երեւան: Մեդիամաքս: 2012թ.-ից մեկնարկած հայկական պլանային արբանյակի ցանցի ստեղծումը դեռ կոորդինացման փուլում է:

Մեդիամաքսին այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը` հավելելով, որ հայաստանյան որեւէ գիտական հաստատության հետ համագործակցություն դեռեւս չկա:

 

ARMSAT-30B71.4E պլանային արբանյակային ցանցի ստեղծման եւ տեղակայման վերաբերյալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հայտը Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) գրանցել եւ հրապարակել էր դիմումից մեկ տարի անց` 2013թ.-ին:

 

Բորիս Դեմիրխանյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՄՄ կանոնադրության` 174 պետություն հայտնել է իր դիրքորոշումը կոորդինացման աշխատանքներն իրականացնելու համար: Ստացվել են ե´ւ դրական (Բահրեյն, Գերմանիա, Չեխիա, Էստոնիա, Վրաստան եւ այլն), ե´ւ բացասական (Կորեա, Թունիս, Ֆինլանդիա, Ինդոնեզիա, Լիտվա) պատասխաններ:

 

Կիպրոսի, Շվեդիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Նորվեգիայի եւ Մոնակոյի հետ փոխադարձ համաձայնության համաձայնագրեր են ստորագրվել, իսկ Ֆրանսիայի, Իսրայելի, Իրաքի ու մի քանի այլ երկրների հետ անհրաժեշտ է փոխհամաձայնեցնել տեխնիկական պարամետրերը:

 

Արբանյակի ստեղծման եւ թողարկման համար պահանջվող գումարի չափը կձեւավորվի արբանյակի հարթակի կառուցման, հիմնական եւ պահեստային համակարգի ստեղծման, արբանյակի թողարկման համար հրթիռակրի եւ տիեզերակայանի, ինչպես նաեւ ապահովագրության արժեքից, հետեւաբար, պարզ կդառնա այս աշխատանքների իրականացումից հետո:

 

«Արբանյակի ստեղծումը Հայաստանի համար կդառնա կապի եւ տվյալների փոխանակման, լայնաշերտ ինտերնետի այլընտրանքային աղբյուր: Հայաստանի դժվարհասանելի տարածքներում հնարավոր կլինի ապահովել հեռուստաալիքների արբանյակային հեռարձակում, հայկական հիմնական հեռուստաալիքները կհեռարձակվեն այլ երկրներում»,- ասել է փոխնախարարը:

 

Արբանյակի ստեղծումը կարեւոր նշանակություն կունենա գիտական, արդյունաբերական եւ տնտեսական գործունեության զարգացման տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ մեծ դեր կխաղա երկրի պաշտպանական եւ արտակարգ իրավիճակների վերահսկման ու կանխարգելման ժամանակ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին