NASA-ն տիեզերանավ կուղարկի դեպի Արեգակ - Mediamax.am

57118 դիտում

NASA-ն տիեզերանավ կուղարկի դեպի Արեգակ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 2018թ.-ի ամռանը NASA-ն ծրագրում է դեպի Արեգակ ուղարկել Solar Probe Plus տիեզերանավը, որն արեգակնային քամու առաջին հետազոտող, աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի պատվին վերանվանվել է Parker Solar Probe:

 

Սա առաջին առաքելությունը կլինի դեպի անմիջապես Արեգակի մթնոլորտ:

 

Տիեզերանավը կուսումնասիրի աստղի արտաքին մթնոլորտը եւ կպատասխանի աստղերի կյանքի մասին ֆիզիկայի վաղեմի հարցերին:

 

«Արեգակնային կայանը տիեզերական այնպիսի տարածք կհասնի, որը նախկինում չի հետազոտվել: Դա շատ հետաքրքիր է եւ մենք ցանկանում ենք ունենալ Արեգակնային քամու ավելի մանրամասն չափումներ: Վստահ եմ, որ որոշ անակնկալներ կլինեն»,- ասել է Յուջին Փարքերը, ով առաջին գիտնականն է, ում պատվին NASA-ն տիեզերանավ է անվանակոչում կենդանության օրոք:

 

«Parker Solar Probe-ը կտա արեւի ֆիզիկայի մասին հարցերի պատասխանները, որոնք մեզ համար գլուխկոտրուկ են արդեն ավելի քան վեց տասնամյակ: Այս կայանը կկարողանա բացատրել աստղի շուրջ եղած մեծագույն առեղծվածները, այդ թվում՝ ինչու է Արեգակի պսակն ավելի շատ տաք, քան դրա մակերեսը»,- ասել է ծրագրում ներգրավված գիտնական, Ջոն Հոփքինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից Նիկոլա Ֆոքսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին