Երեւանը տարածաշրջանում ամենահզոր սուպերհամակարգիչը կունենա - Mediamax.am

12094 դիտում

Երեւանը տարածաշրջանում ամենահզոր սուպերհամակարգիչը կունենա


Լուսանկարը` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան տարածաշրջանում ամենահզոր սուպերհամակարգիչը կունենա:

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ սուպերհամակարգիչը ԳԱԱ-ին նվիրելու է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը:

 

Այն հնարավորություն կստեղծի լուծելու տվյալների պահպանման անվտանգության հարցը եւ կնպաստի տնտեսական, գիտական, սոցիալական խնդիրների լուծմանը։

 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեյին եւ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանին։

 

Նախարարի առաջին տեղակալն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է թվային օրակարգի ակտիվ իրագործմանը՝ նշելով, որ թեեւ կառավարման որոշակի գործընթացներ արդեն թվայնացվել են, բայց հավաքագրվող տվյալներն ապակենտրոնացված են։ Նա ասել է, որ նպատակ կա կենտրոնացնելու big data-ի մշակումը եւ ստեղծելու էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ։

 

Համակարգի առկայությունը կարեւոր է, մասնավորապես, բնական աղետների, կլիմայի փոփոխության եւ եղանակի կանխատեսման, առողջապահական, շրջակա միջավայրի պահպանման, հանցագործությունների բացահայտման, գյուղատնտեսական խնդիրների լուծման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին