Նոբելյան մրցանակը՝ լազերը հզոր գործիքի վերածած ֆիզիկոսներին - Mediamax.am

2965 դիտում

Նոբելյան մրցանակը՝ լազերը հզոր գործիքի վերածած ֆիզիկոսներին


Լուսանկարը` Time

Լուսանկարը` Nobel Prize


Ֆիզիկայի ոլորտում 2018 թ-ի Նոբելյան մրցանակը կիսել են գիտնականներ Արթուր Էշկինը՝ «օպտիկական պինցետներն ու դրանց կիրառությունը կենսաբանական համակարգերում» հետազոտության ու Ժերար Մուրուն եւ Դոննա Ստրիկլանդը՝ «բարձր ինտենսիվությամբ ուլտրակարճ օպտիկական իմպուլսների առաջացման մեթոդի» համար:

Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան Նոբելյան մրցանակը գիտնականներին շնորհել է հոկտեմբերի 2-ին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում հեղափոխական նորարարությունների եւ լազերները հզոր գործիքների վերածելու համար:

 

Չափազանց փոքր օբյեկտները եւ անհավատալի արագ պրոցեսներն այժմ բոլորովին նոր լույսի ներքո են հայտնվում: Մրցանակին արժանացած գիտնականների աշխատանքների արդյունքում ոչ միայն ֆիզիկան, այլեւ քիմիան, կենսաբանությունն ու բժշկությունը ստանում են ճշգրիտ գործիքներ՝ հիմնարար հետազոտություններում եւ գործնականում կիրառելու համար:

Լուսանկարը` Nobel Prize

Արթուր Էշկինի հայտնագործած օպտիկական պինցետները կարող են օգտագործվել մասնիկների, ատոմների եւ նույնիսկ կենդանի բջիջների հետազոտության համար՝ առանց վնասելու դրանք: Այսպիսով՝ կյանքի մեխանիկան դիտարկելու եւ վերահսկելու լիովին նոր հնարավորություններ են ստեղծվել:

 

Ժերար Մուրուն եւ Դոննա Ստրիկլանդը ճանապարհ են բացել մարդկության կողմից ստեղծված ամենակարճ եւ առավել ինտենսիվ լազերային իմպուլսների համար: Տեխնոլոգիայի մշակումը հետազոտությունների նոր ուղղություններ է բացել, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել բժշկական եւ արդյունաբերական կիրառությունների համար:

 

Դոննա Ստրիկլանդը, ով Մարիա Գյոպերտ-Մայերից (1963) եւ Մարի Կյուրիից (1903) հետո Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած 3-րդ կին գիտնականն է, ասել է. «Մենք պետք է գնահատենք ֆիզիկայով զբաղվող կանանց… Ինձ համար մեծ պատիվ է լինել նրանցից մեկը» :

 

Նախօրեին Նոբելյան մրցանակ է շնորհվել բժշկության ոլորտում: Մրցանակակիրները ամերիկացի Ջեյմս Էլիսոնն ու ճապոնացի Տասուկու Խոնձյոն են՝ քաղցկեղով հիվանդացությունների դեմ Т-բջիջների կիրառությամբ հեղափոխական իմունոթերապիայի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին