Սեպտեմբեր 28, 2016
exclusive
2483 դիտում

Մոլորակ «Բ» գոյություն չունի


Դավիդ Նաբարոն
Դավիդ Նաբարոն

Լուսանկարը` REUTERS


Ներկայացում ենք «Կայուն զարգացման օրակարգ-2030»-ի եւ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Դավիդ Նաբարոյի հոդվածը:

Մեկ տարի առաջ 193 երկրների ղեկավարներ ի մի եկան՝ հանձն առնելու վերջ տալ աղքատությանը, պայքարելու կլիմայի փոփոխության դեմ եւ հաղթահարելու անարդարությունը։ Նրանք համաձայնության եկան աշխարհի եւ համայն մարդկության ապագայի վերաբերյալ մի պլանի շուրջ։ Պլանը՝ «Կայուն զարգացման օրակարգ-2030»-ը, առաջարկում է ավելի լավ ապագա ամբողջ աշխարհի միլիարդավոր մարդկանց, ինչպես նաեւ մեր մոլորակի համար՝ որպես ամբողջություն։

Նախքան 2030 թվականի վերջնաժամկետն իր սահմանած 17 Կայուն զարգացման նպատակներն իրողություն դարձնելը ամենահավակնոտ ձեռնարկումներից է, որ համաշխարհային հանրությունը երբեւէ ստանձնել է։ Սակայն վստահ եմ՝ եթե բոլոր գործողությունների առանցքում լինեն մարդիկ, եթե շահագրգիռ կողմերը տեր լինեն իրենց հանձնառությանը, եւ եթե գերիշխի գործընկերության ոգին, ապա առաջիկա տասնչորս տարիներին հաջողության պակաս չի լինի։

Իմ լավատեսության պատճառը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) բնույթն է։ Նպատակները հիմնված էն 4 զորեղ սկզբունքների վրա։ Առաջին՝ դրանք կապակցված են ու անբաժանելի եւ իրար են շաղկապում զարգացումը, մարդու իրավունքները, խաղաղությունն ու անվտանգությունը։ Երկրորդ՝ դրանք համընդհանուր են։ Դրանք վերաբերում են յուրաքանչյուր անձի՝ որտեղ էլ որ նա ապրի։ Երրորդ՝ դրանք պետք է իրականացվեն ողջ հասարակության ներառական մասնակցության միջոցով։ Չորրորդ՝ դրանց իրականացման ընթացքում ոչ ոք չպետք է անտեսվի։ ԿԶՆ-ներն ստեղծել են մի ընդհանուր նպատակ՝ հանուն եկող սերունդների բարեկեցության եւ ապագա ունեցող մոլորակի։ Ահա թե ինչու բոլոր ոլորտներում մենք ականատես եղանք արագընթաց, հաստատուն եւ նույնիսկ հրատապ անցման դեպի ավելի կայուն գործելակարգեր եւ քաղաքականություններ։

Այս առաջին տարեդարձին՝ «ԿԶՆ 1-ին տարի», 50-ից ավելի կառավարություններ, ինչպես նաեւ բազմաթիվ գործարարներ, գիտնականներ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ակտիվացրել են իրենց ջանքերը՝ ուղղված ԿԶՆ-ներն իրենց քաղաքականությունների ու գործողությունների առանցքային հենքը դարձնելուն, տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանն ավելի մեծ ուշադրություն ու ներդրումներ հատկացնելուն՝ որոշումների համար պատշաճ հիմքերի ստեղծման եւ ոչ մեկին չանտեսելու նպատակով։

Տեղական մակարդակում հարյուրավոր քաղաքներ ու համայնքներ ընդունում են նպատակներին հասնելու իրենց սեփական պլանները։ Եվ հազարավոր համայնքներ՝ հասարակության տարբեր հատվածներից, նպատակային գործողություններ են ձեռնարկել ԿԶՆ դրոշի ներքո։

Բոլոր այս քայլերը շարժիչ ուժ են ստեղծել՝ ուղղված կլիմայի փոփոխության սահմանափակմանը, գենդերային հավասարության առաջխաղացմանը, բնական աղետների մեղմմանը, զանգվածային միգրացիայի խնդրի լուծմանը եւ անհավասարության նվազեցմանը։

Անցած հուլիսին քսաներկու կառավարություններ Միավորված ազգերի կազմակերպությանը ներկայացրեցին ԿԶՆ իրենց պլանները։ Նրանք ցույց տվեցին, թե ինչպես են ԿԶՆ-ները դարձրել ազգային զարգացման առանցքային շրջանակը։ Նրանք ապահովում են, որ գործողությունները լինեն համահունչ, ծրագրերն աշխատեն փոխկապակցված ու նպատակաուղղված, եւ որ ֆինանսական միջոցներն օգտագործվեն հնարավորինս արդյունավետորեն։ Սա նշանակում է, որ զարգացմանն ուղղված համագործակցությունը ներդաշնակեցվելու է ԿԶՆ-ներին։

Կլիմայի փոփոխության Փարիզի համաձայնագրով ստեղծված պատեհությունը նույնպես թափ է հավաքում, եւ մինչ այս պահը համաձայնագիրը վավերացրել են քսանյոթ պետությունների կառավարություններ, այդ թվում՝ ջերմոցային գազերի ամենախոշոր արտանետողները՝ Չինաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Այլ ճյուղեր նույնպես դրական թափ են հավաքում։ Նկատելի փոփոխություն կա այն հարցում, թե ինչպես է իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն՝ ավելի մեծ ուշադրություն հատկացնելով զարգացման սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական չափումներին։ Եվ ՄԱԿ-ն էլ անցում է կատարել համատեղ աշխատանքի՝ աջակցություն ներդաշնակեցված քաղաքականությունների՝ սկսած ծրագրերի վրա ուշադրություն սեւեռելուց մինչեւ շահագրգիռ կողմերի համախմբում, ինչպես նաեւ ջանքերի ներդաշնակեցում այնպես, որ գործընկերները կարողանան աշխատել միասին՝ արդյունավետորեն եւ ծախսարդյունավետորեն։

Հստակ է, որ ահռելի առաջընթաց քայլեր են կատարվել։

Բայց շատ ավելի՛ն դեռեւս պետք է արվի ԿԶՆ պլանն իրականացնելու համար։ ԿԶՆ-ները կոնկրետ թիրախներ են սահմանում բոլորի համար՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվում են մեր մոլորակն ու ողջ աշխարհի մարդիկ։

Ինչպե՞ս ենք հաստատուն մնալու այս ուղու վրա եւ իրականություն դարձնելու մեր կայուն ապագան։

Ահա այստեղ է, որ առաջ է գալիս ամենից կարեւոր շահագրգիռ կողմը՝ բնակչությունը։ Հասարակական աջակցությունը եւ հանրային ճնշումը էական դեր են խաղալու ԿԶՆ-ները նպատակից իրականություն դարձնելու գործում։ Իմ նպատակն է, որ մինչեւ 2017 թվականի վերջն ամբողջ աշխարհում 2 միլիարդ մարդ իրազեկ լինի ԿԶՆ-ների վերաբերյալ, ու եւս մեկ միլիոնը դառնա ակտիվիստ՝ «փոփոխության հարուցիչներ», որոնք ներգործում են որոշում կայացնողների վրա եւ նրանց ստիպում հաշվետու լինել, մինչեւ որ մենք կվերափոխենք մեր աշխարհն ու ավելի կայուն կդարձնենք այն։

Երեխաներն ու երիտասարդները հատկապես կարեւոր դեր ունեն՝ որպես սոցիալական շարժումների դեմք, սոցիալական փոփոխության տանող ուժ եւ գալիք սերունդների համար ավելի կայուն ապագայի ջահակիր։

ԿԶՆ-ների ընդունման մեկամյակը հնարավորություն է՝ նշելու բոլոր ձեռքբերումները, ավելին անելու ԿԶՆ-ները իրականություն դարձնելու ուղղությամբ եւ, որ ամենակարեւորն է, իրենց ջանքերի համար շնորհակալություն հայտնելու կառավարություններին, գործարար աշխարհին, քաղաքացիական հասարակության խմբերին ու երիտասարդներին՝ ողջ աշխարհից։

Եթե բոլոր առնչվող շահագրգիռ կողմերը շարունակեն աշխատել կայուն եւ դիմակայուն աշխարհ կառուցելու ուղղությամբ, ապա հետագա տասնչորս տարիներին ԿԶՆ թիրախների իրականացումն ու մեր ապրելակերպի ձեւափոխումը իսկապես իրականանալի խնդիր կդառնան։

Եվ եկեք նայենք իրականության աչքերին. մենք իսկապես չունենք պլան «Բ»։ Մոլորակ «Բ» գոյություն չունի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am