Մովսես Դեմիրճյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

1578 դիտում

Մովսես Դեմիրճյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Մովսես Դեմիրճյան
Մովսես Դեմիրճյան

Հայկական Սփյուռքի հարցն առհասարակ շատ կարևոր և հետաքրքիր է, որովհետև մինչև հայկական անկախ պետություն ունենալը հայկական համայնքներ կային աշխարհի տարբեր երկրներում, բայց նրանք գործում էին մեկը մյուսից անկախ: Հայկական անկախ պետության ստեղծումից հետո փոխվեց նաև սփյուռքի դերը. այն դարձավ նորանկախ պետության համար քաղաքակիրթ ապրելակերպի և մտածելակերպի օրինակ: Սփյուռքն ուներ այդ քաղաքակիրթ ապրելակերպի և մտածելակերպի փորձն ավելի շատ, քան Հայաստանի բնակչությունը, որը դուրս էր պրծել խորհրդային բռնապետական կարգերից և հայտնվել սեփական ճակատագիրը տնօրինելու ընտրության առաջ:

 

Մեծ Եղեռնի արդյունքում Սփյուռքին ավելացան նաև հայկական գաղութները, որոնք միախառնվել են մինչև Ցեղասպանությունը ձևավորված հայկական համայնքների հետ և այսօր հանդես են գալիս որպես միասնական Սփյուռք:

 

Հայկական Սփյուռքում մշտապես զուգահեռաբար ընթանում է երկու գործընթաց՝  համախմբում և ասիմիլյացիա: Որքան էլ ցավալի լինի, ասիմիլյացիան անխուսափելի պրոցես է և լինելու է այնքան ժամանակ, որքան լինի Սփյուռքը: Համախմբումը հանուն ինքնության պահպանման և անխուսափելի ասիմիլյացիան լինելու են նաև 10, 20, 30 տարի հետո: Բայց ինչպես հիմա, այնպես էլ անցյալում և ապագայում, ասիմիլացվելու, թե հայկական ինքնությունը պահպանելու հարցը լուծվում է ընտանիքների և անհատների, ոչ թե ամբողջ համայնքի մակարդակում:

 

Սա նշանակում է, որ հայկական անկախ պետության զարգացման գործում Սփյուռքի անհատների դերը գնալով միայն մեծանալու է: Տարիներ շարունակ Սփյուռքը ներդրումներ է արել Հայաստանում, որոնք ունեցել են սպասվածից քիչ ազդեցություն: Դրա պատճառը, երևի թե, այն է, որ այդ ներդրումները չեն եղել այն ոլորտներում, որոնք կարող էին զարգանալ նորանկախ Հայաստանում: Այսօր Սփյուռքը կարող է դառնալ Հայաստանում նպատակային ներդրումներ անող հսկայական կառույց: Բայց այստեղ պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու՞ առհասարակ Սփյուռքը պետք է ներդրումներ անի Հայաստանում:

 

Նման համագործակցությունը, բնակաբանար, չի կարող լինել միակողմանի. Հայաստան-պետությունն էլ շատ հարցերում պետք է աջակցի Սփյուռքին, առաջին հերթին, հայոց լեզվի իմացության, ազգային մշակույթի փոխանցման, այլ երկրներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության և այլ հարցերում: Բայց այդ ամենն իրականացնելուց առաջ մենք պետք է հասկանանք, թե ի՞նչն է միավորում մեզ՝ հայերիս, ի՞նչը պետք է մեզ ստիպի զբաղվել նույն գործով:

 

Դա, իհարկե, կարող է լինել անկախ հայկական պետությունը, դրա կայացումն ու զարգացումը: Բայց կլինեն մարդիկ, որ կհարցնեն. «Արդյո՞ք Հայաստանում և այլ երկրներում ապրող հայերին միավորում է անկախ և հզոր հայկական պետություն ունենալու ցանկությունը: Շատերին, անշուշտ, միավորում է, և ոչ միայն ցանկությունը, այլև՝ նպատակը: Բայց արդյո՞ք այդ մարդիկ այն տեղերում են, որ ընդունեն որոշումներ և իրականացնեն ազգային ծավալուն նախագծեր»: Ոչ միշտ:

 

Մեզ, մի գուցե, ավելի շատ միավորում են Արևմտյան Հայաստանի մասին երազանքները, որոնք մեր հավաքական պատմական հիշողության ամենավառ, ցավոտ և կարևոր էջերից են: Դրանք կապված են պատմական արդարության, ազգի կենսունակության, նաև պահանջատիրության հետ: Այդ ամենը կարող է ներկայացվել որպես ազգային շահ: Այսօր այդ ազգային շահն արտահայտում և դրա իրականացման համար պայքարում են ինչպես անկախ պետությունը, այնպես էլ Սփյուռքը: Կարծես թե այդ հարցում Հայաստանն ու աշխարհասփյուռ հայերը միասնական են:

 

Անշուշտ, մեր ազգային պատկանելիության հիմնական սյուները հայոց լեզուն և ազգային մշակույթն են: Դրանք մեզ համախմբող այն երևույթներն են, որոնք եղել են մինչև անկախ պետություն ունենալը, ինչպես նաև համախմբել են հայերին պատմական բոլոր այն ժամանակահատվածներում, երբ պետություն չենք ունեցել: Բայց այս երկու գործոններն այսօր լրջորեն վտանգված են. գլոբալացման ազդեցության արդյունքում մենք շատ ենք օգտագործում այլալեզու տեղեկատվություն՝ կրթության, բիզնեսի և այլ ոլորտներում, իսկ մեր ազգային մշակույթը Հայաստանում պահպանվում է առավելապես ավանդույթների և թանգարանների մակարդակում և քիչ է արտահայտվում ամենօրյա հասարակական կյանքում, որտեղ արդեն իշխում են ժամանակակից սպառողական և զանգվածային մշակույթները: Ուշագրավ է, որ լեզվի և մշակույթի պահպանման հարցում ավելի մեծ ջանքեր է կիրառում Սփյուռքը, որի համար մշակութային օտար միջավայրում ապրելու դեպքում սեփական ինքնությունը կորցնելու վտանգը մեծ է, և լեզուն ու մշակույթը դառնում են Սփյուռքի համար ինքնության պահպանման կարևոր օջախներ: Պատմականորեն սփյուռքահայերն այլ երկրներում հիմնել են հայկական ամսագրեր, եկեղեցիներ և դպրոցներ՝ լուծելու այդ հարցը: Եվ քանի որ խոսք գնաց եկեղեցիներից, հարկ է նկատի ունենալ, որ առաքելական եկեղեցին և քրիստոնեությունը նույնպես կարող են ծառայել ազգային ինքնության պահպանմանը, քանի որ մեր մշակույթի անբաժան մասերից են: Սակայն քրիստոնեությանը նման դեր վերագրելու հարցում ճիշտ կլինի փոքր զգուշավորություն ցուցաբերել, քանի որ, օրինակ, ոչ ոք մեզ իրավունք չի տվել ոչ քրիստոնյա հայերին չհամարել հայ: Թերևս ավելի ընդունելի կլինի այն տեսակետը, որ ոչ թե քրիստոնեությունը, այլ եկեղեցին է պետության բացակայության ընթացքում կազմակերպել հայերի կյանքը: Այս դեպքում արդեն եկեղեցին հանդես է եկել ոչ թե որպես հավատքի օջախ, այլ՝ սոցիալական ինստիտուտ:

 

Եվ մեզ համախմբող բոլոր այս երևույթներին՝ պետությանը, Արևմտյան Հայաստանին, հայոց լեզվին, մշակույթին և քրիստոնեությանը, այսօր պետք է ավելացնել ևս մեկը, որը համախմբան ավելի մեծ ներուժ ունի՝ ընդհանուր ապագան: Մենք ունենք քիչ թե շատ միասնական անցյալ և պատմական հիշողություն, ունենք նաև ներկայում մեզ քիչ թե շատ միավորող պետություն և Սփյուռք: Բայց ունե՞նք արդյոք միասնական ապագա, արդյո՞ք Սփյուռքի և Հայաստանի հայերն ապրում և աշխատում են՝ մեկ-միասնական ընդհանուր ապագա ունենալու նպատակով:

 

Այս միասնական ապագան կարող է դառնալ ամենաազդեցիկ միավորող գործոնը: Եթե մենք ունենք մեզ իրարից անջատող տարածքային, կրոնական, լեզվական գործոններ, ապա այսօր կարող ենք ձևակերպել «միասնական ապագայի» սկզբունքը, որում արդեն տարածքային, կրոնական և լեզվական տարբերությունները դեր չեն խաղա: Եվ  «Հայը նա է, ով կրում է ազգի ընդհանուր անցյալը» բանաձևը կարող է լրացվել «Հայը նա է, ով կիսում է ազգի միասնական ապագան» սկզբունքով: Լրացվել, իսկ ապագայում՝ նաև փոխարինվել: Իսկ ինչու՞ ոչ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին