Միջազգային ֆորումը Երեւանում կհյուրընկալի 200 երիտասարդների աշխարհի 30 երկրներից - Mediamax.am

2353 դիտում

Միջազգային ֆորումը Երեւանում կհյուրընկալի 200 երիտասարդների աշխարհի 30 երկրներից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 1-ից 5-ը Երեւանում կանցկացվի միջազգային երիտասարդական ֆորում, որին կմասնակցեն 200 պատվիրակներ, լրագրողներ եւ պաշտոնատար անձինք աշխարհի ավելի քան 30 երկրներից:

Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերպվող միջազգային ֆորումը կայանալու է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ կրելու է «ժողովրդավարական քաղաքացիություն» խորագիրը:

 

«Միջազգային երիտասարդական ֆորումը կազմված է լինելու մի շարք ֆորմալ եւ ոչ ֆորմալ մասերից: 10 կոմիտեներում անցկացվելու են քննարկումներ, որոնց արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կազմելու է բանաձեւ: Բանաձեւը ներկայացվելու է ամփոփիչ նիստի ընթացքում՝ դրվելով  քվեարկության»,- նշել է ԵԵՊ նախագահ Հովսեփ Պատվականյանը:

 

Հայաստանում ԵԵՊ խորհրդի անդամ Արեգ Քոչինյանը նշել է, որ միջազգային ֆորումի շրջանակում անկախ ժյուրիի եւ 200 մասնակիցների կողմից կընտրվի պատվիրակություն, որն էլ հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը կներկայացնի Հայաստանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայանալիք Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի 76-րդ միջազգային համաժողովում:

 

Նշենք, որ ԵԵՊ միջազգային նստաշրջաններն անցկացվում են տարեկան 3 անգամ: Դրանց մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ 40 երկրներից, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի  բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Հայաստանում ԵԵՊ գործունեության 1.5 տարիների ընթացքում իրականացվել է 15 նախագիծ, որոնց մասնակցել են ավելի քան 3000 հայ երիտասարդներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին