Երեւանում կբացվի «Նրանք կռվել են հանուն Հայրենիքի» ֆոտոցուցահանդեսը - Mediamax.am

2506 դիտում

Երեւանում կբացվի «Նրանք կռվել են հանուն Հայրենիքի» ֆոտոցուցահանդեսը



Այսօր ժամը 14:00-ին «Մոսկվայի տանը» կբացվի «Նրանք կռվել են հանուն Հայրենիքի» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերաններին:

Լուսանկարչական նախագծի հեղինակն է Հակոբ Պողոսյանը, ով Արցախյան ազատամարտի վետերան է: Տեսա- եւ լուսանկարչական խցիկները, եւ ոչ միայն հրաձիգը, ռազմում նրա «զենքերն» էին:

 

Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թեման միշտ է հուզել է լուսանկարչին, սակայն իբրեւ լուսանկարչական նախագիծ դրա իրականացումը դյուրին չի եղել մի շարք պատճառներով:

 

Նախ, ժամանակակից լուսանկարչական վավերագրական նախագիծը, նախեւառաջ, հետազոտություն է, որն ենթադրում է նախնական արխիվային, որոնողական աշխատանք: Լուսանկարչին հաջողվել է հավաքել Հայաստանի վետերանների տվյալների բազան. այսօր նրանց թիվը հասնում է շուրջ հազարի:

 

Վետերանները պատկանում են հասարակության տարբեր սոցիալական շերտերի, նրանցից շատերի ընտանեկան ու սոցիալական վիճակը բարվոք չէ:

 

Լուսանկարչի աշխատանքը «մոդելի» հետ բարդանում է նաեւ նրանց տարիքային առանձնահատկությունների, առողջական վիճակի, ֆիզիկական ակտիվության սահմանափակումների հետեւանքով:

 

Այնուամենայնիվ, Հակոբ Պողոսյանն արդեն լուսանկարել է մոտ 700 վետերանների, որոնցից երեւանաբնակ 100-ի լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսին:

 

Լուսանկարիչը մտադիր է նաեւ լուսանկարել մյուս 300 վետերաններին` քաջ գիտակցելով, որ շատերին կարող է չհասցնել ողջ գտնել:

 

Հակոբ Պողոսյանն օգտագործել է վավերագրական լուսանկարի մի ձեւաչափ եւ ոճ, որը համատեղում է սուր հոգեբանական, սոցիալական ու պատմական-փաստագրական գործոնները: Տարեց մարդիկ հիմնականում ներկայացված են իրենց առօրյա կյանքում, բնական պայմաններում, բայց անպայման մեդալներով եւ շքանշաններով` որպես թեման արտացոլող պարտադիր ու միակ ատրիբուտ:

 

Վետերանների կերպարները հանդես են գալիս որպես տխուր հուշարձան. նրանք հանդիսանում են մեծ ու արդեն հեռավոր պատմության կենդանի վկաները, եւ նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը անցյալի եւ ներկայի մի մասնիկն է: Ինչպես ասում է նախագծի հեղինակը, «լուսանկարչության լռակյացությունն ինձ համար ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսքը»:

 

Լիլիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին