2015 թ–ին Հայոց ցեղասպանության զոհերը կսրբադասվեն - Mediamax.am

2343 դիտում

2015 թ–ին Հայոց ցեղասպանության զոհերը կսրբադասվեն


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: 2015 թ-ին Հայոց ցեղասպանության զոհերը կսրբադասվեն, կանցկացվի մյուռոն օրհներգի արարողություն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները: 

 

«Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն այսօր նիստի ժամանակ հայտարարել է, որ, Հայ Առաքելական եկեղեցու առաջարկությամբ, 2015 թ-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման եւ մյուռոն օրհներգի արարողություն»,- ասել է Վիգեն Սարգսյանը: 

 

Նա տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը հավաքվել է բավական ներկայացուցչական կազմով: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա են գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության, Մեծ Տանն Կիլիկո Հայ կաթոլիկների պատրիարքության եւ Համայն աշխարհի Հայ Ավետարանչականների խորհրդի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հայկական սփյուռքում ստեղծված 47 տարածաշրջանային հանձնախմբերի անդամներ, ՀՀ ԱԳՆ, Սփյուռքի նախարարության, ԳԱԱ ներկայացուցիչներ:

 

«Նիստը վերջինն է մինչեւ 2015թ. մեկնարկը, եւ մեր խնդիրն է համաձայնեցնել թե հայեցակարգային մոտեցումները, թե գործնական քայլերը, որոնք պետք է իրականացվեն մինչեւ 2015 թվականը»,- ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 

Նիստի մասնակիցները քննարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստին վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են այն սկզբունքային մոտեցումները, որոնք ներառվելու են 100-րդ տարելիցի առիթով 2015թ. սկզբին ընդունվելիք համահայկական հռչակագրի տեքստում:

 

«Այդ հռչակագիրը ոչ միայն մեր մոտեցումների արտացոլումն է, այլեւ այն հիմնական ուղղությունների նկարագրությունը, որոնցով իրականացվելու են 2015թ. միջոցառումները: Նպատակ ունենք Հայոց ցեղասպանության թեման ներկայացնել ավելի լայն` ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման համատեքստում: Հայաստանի Հանրապետությունն անկախության առաջին օրերից ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դատապարտման գործում առաջամարտիկ է եղել եւ մեծ ջանքեր է ներդրել միջազգային ատյաններում, հատկապես ՄԱԿ-ում, դատապարտմանն ուղղված  գործիքների եւ մեխանիզմների արդիականացման եւ համապատասխան քաղաքական հայտարարությունների ընդունման ուղղությամբ: Այդ գործունեությունը շարունակվելու է եւ արտացոլվելու է 2015թ. բոլոր միջոցառումներում»,-  ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքերով, սփյուռքի տարածաշրջանային 47 հանձնախմբերի կողմից  նախապատրաստվել է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տպավորիչ ծրագիր: 

 

«Ես կարծում եմ, որ 2015 թ-ին մենք ամենախոշոր եւ հայտնի հարթակներում, ամենատարբեր երկրների մայրաքաղաքների մայր տաճարներում, լավագույն ցուցասրահներում տեսնելու ենք բազմաթիվ ցուցադրություններ, որոնք լինելու են ոչ միայն ոգեկոչման, այլեւ վերածնունդի գաղափարին ուղղված միջոցառումներ: 2015 թ-ին Հայաստանը ակտիվ մասնակցելու է մի շարք միջազգային ցուցահանդեսներին եւ փառատոններին»,- հավելել է Վիգեն Սարգսյանը:

 

Նրա փոխանցմամբ,  2015թ. ապրիլի 24-ի միջոցառումները դեռեւս գտնվում են լրամշակման փուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին