Աշխարհի երիտասարդները՝ Դիլիջանի զարգացման ուղիների մասին - Mediamax.am

3562 դիտում

Աշխարհի երիտասարդները՝ Դիլիջանի զարգացման ուղիների մասին


Լուսանկարը` UWC

Ալան Ժաո (Allan Zhao), 17 տարեկան, Շվեդիա
Ալան Ժաո (Allan Zhao), 17 տարեկան, Շվեդիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիլա Կուշ (Dila Kush) 17 տարեկան, Թուրքիա
Դիլա Կուշ (Dila Kush) 17 տարեկան, Թուրքիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Էթան Բեռներ (Ethan Berner), 16 տարեկան, Ավստրիա
Էթան Բեռներ (Ethan Berner), 16 տարեկան, Ավստրիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Մարկոսյան , 17 տարեկան, Դիլիջան
Սոնա Մարկոսյան , 17 տարեկան, Դիլիջան

Լուսանկարը` Մեդիամաքս

Թալ Հումաշ (Tal Humash) , 16 տարեկան, Իսրայել
Թալ Հումաշ (Tal Humash) , 16 տարեկան, Իսրայել

Լուսանկարը` Մեդիամաքս

Տամիկա Միսքյու (Tamika Myskiw), 17 տարեկան, Կանադա
Տամիկա Միսքյու (Tamika Myskiw), 17 տարեկան, Կանադա

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Հակոբջանյան,16 տարեկան, Արցախ
Տիգրան Հակոբջանյան,16 տարեկան, Արցախ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 13-27-ը Դիլիջանում անցկացվեց UWC Dilijan դպրոցի ամառային ճամբարը, որի մասնակիցները քննարկեցին տեղի երիտասարդությանն ուղղված համայնքային զարգացման ծրագրերը:

 

Մասնակիցներին այցելեցինք ամառային ճամբարի նախավերջին օրն ու անմիջապես վարակվեցինք նրանց բարձր տրամադրությամբ եւ դրական էներգիայով: Աշխարհի տարբեր անկյուններից Դիլիջան ժամանած պատանիները մեծ ոգեւորությամբ պատմեցին, թե ինչ են արել դասընթացի երկու շաբաթների ընթացքում:

 

Եթե երիտասարդներից ոմանց տպավորել էին Հայաստանի լեռները, մյուսներն ավելի շոյված էին մարդկանց ջերմությունից եւ հյուրընկալությունից: Այնուամենայնիվ, բոլորը համակարծիք էին այն հարցում, որ Դիլիջանը կարող է ավելի վառ ու գրավիչ դառնալ եւ դրա համար անհրաժեշտ է աշխատանք եւ կամք:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ եւ արտասահմանցի ճամբարականների տպավորությունները երկշաբաթյա դասընթացից եւ Դիլիջանի զարգացման նրանց տեսլականները:

 

Տամիկա Միսքյու (Tamika Myskiw), 17 տարեկան, Կանադա

 

«Շատ բաների կարելի է հասնել համատեղ աշխատանքի արդյունքում»

 

 

Հայաստանն իսկապես շատ գեղեցիկ երկիր է, հատկապես մարդիկ են լավը: Իհարկե, ուտելիքն է համեղ, պարերի մասին էլ խոսք չկա… Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս:

Շատ էի ուզում այցելել Հայաստան: Ուրախ եմ, որ ինձ ընտրեցին մասնակցելու այս ծրագրին, որպեսզի օգնեմ ստեղծելու վառ ու գրավիչ համայնք երիտասարդների համար:

 

Ամառային ճամբարի ընթացքում շատ բան եմ սովորել հայկական մշակույթի մասին: Դա հիանալի էր: Սովորել եմ նաեւ շփման մեջ հաղթահարել լեզվական եւ մշակութային պատնեշները:

 

Դիլիջանը զարգացնելու համար ես կստեղծեի համայնքային եւ երիտասարդական ակումբներ: Դրանց շնորհիվ մարդիկ ավելի ակտիվ կդառնային եւ կհասկանային, որ շատ բաների կարելի է հասնել համատեղ աշխատանքի արդյունքում:

 

Դիլա Կուշ (Dila Kush) 17 տարեկան, Թուրքիա

 

«Չնայած տարբերություններին, մենք բոլորս նման ենք»

 

 

Ես շատ բան գիտեի Հայաստանի մասին, քանի որ կարդացել էի թուրք հեղինակի գիրքը: Ես սիրում եմ Հայաստանը, մենք հարեւաններ ենք եւ կարծում եմ, որ մեր երկրները նման են: Ես արդեն բազմաթիվ հայ ընկերներ ունեմ եւ շատ բան գիտեմ Հայաստանի մշակույթի եւ պատմության մասին:

 

Ճամբարի ընթացքում հասկացել եմ, որ չնայած ազգային եւ մշակութային տարբերություններին, մենք բոլորս նման ենք եւ պետք է սիրենք միմյանց, անկախ այն հանգամանքից, որ ես թուրք եմ, իսկ դու՝ հայ:

 

Կարծում եմ, որ Դիլիջանի զարգացմանը կնպաստի միջազգային դպրոցի բացումը, բացի այդ, կառավարությունը պետք է ծրագրեր իրականացնի տեղի երիտասարդների համար՝ ստեղծելով սպորտային խմբակներ, բացելով թատրոն, կինոթատրոն եւ այլն:

 

Տիգրան Հակոբջանյան,16 տարեկան, Արցախ

 

«Հուսով եմ, մեր առաջարկները իրականություն կդառնան»

 

 

Երբ Ստեփանակերտ եկավ UWC Dilijan դպրոցի ղեկավարությունը եւ ներկայացվեց դպրոցն ու ամառային ճամբարը, որոշեցի անպայման մասնակցել: Այս ընթացքում ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ: Հետաքրքիր էր Գալավանի փորձառությունը, երբ մենք սովորում էինք գոյատեւել վայրի տեղանքում: Գալավանը փոքրիկ գյուղ է Գեղարքունիքի մարզում: Ամբողջ ճամբարի ընթացքում բազմաթիվ խաղեր ենք կազմակերպել եւ շատ բաներ սովորել:

 

Ճամբարի նպատակն է գաղափարներ առաջարկել ավելի կենսուրախ հասարակություն ստեղծելու համար: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք կազմակերպել, թե ինչպես կարելի է զարգացնել Դիլիջանի մշակույթը եւ բարելավել իրավիճակը: Տարբեր խմբեր ունեին իրենց առաջարկները, հուսով եմ, դրանք իրականություն կդառնան: Իմ երազանքն է ընդունվել UWC համակարգ, պատրաստվում եմ քննություններին:

 

Էթան Բեռներ (Ethan Berner), 16 տարեկան, Ավստրիա

 

«UWC դպրոցը նոր գաղափարներ է բերել Դիլիջան»

 

 

Հայաստանն ավելի լավն էր, քան ես սպասում էի: Ավստրիայում մարդիկ շատ բան չգիտեն Հայաստանի մասին: Հայաստանի բնությունը հիասքանչ է, նաեւ մշակույթն է հետաքրքրական եւ շատ տարբեր՝ մասնակիցներ ունենք Դիլիջանից, Երեւանից, Ղարաբաղից եւ նրանք տարբերվում են միմյանցից: UWC ցանցի նպատակն է ստեղծել միջազգային փոխըմբռնում, երբ տարբեր մշակույթների կրող մարդիկ միասին են սովորում եւ ապրում:

 

Ամառային դպրոցում առաջին հերթին Հայաստանի մասին հիմնական տեղեկություններ եմ յուրացրել: Նախկինում չգիտեի հայերի ցեղասպանության, հարեւանների հետ հակամարտությունների եւ մշակութային տարբերությունների մասին:

 

Դիլիջանը հրաշալի լանդշաֆտ եւ գրավիչ երիտասարդություն ունի: Կարծում եմ, շատ ավելին պետք է արվի համայնքային զարգացում ապահովելու համար: Հատկապես երիտասարդների համար Դիլիջանը դեռեւս նախընտրելի տարբերակ չէ: Ուրախ եմ, որ  UWC դպրոցը նոր գաղափարներ է բերել Դիլիջան:

 

Սոնա Մարկոսյան , 17 տարեկան, Դիլիջան

 

«Դիլիջանին սպասվում են նորանոր հաջողություններ»

 

 

Ամառային ճամբարի օրակարգը շատ հետաքրքիր էր եւ հագեցած: Ես նվագախմբում եմ եւ շուտով դիլիջանցիներին եւ օտարերկրյա հյուրերին ներկայացնելու ենք մեր պատրաստած երաժշտական համարը:

 

Անչափ ուրախ եմ, որ այս տարի ընդունվել եմ UWC Dilijan դպրոց: Կարծում եմ, որ Դիլիջանում առաջընթաց սկսեց նկատվել դպրոցի կառուցման առաջին օրվանից: Մեր քաղաքում արդեն նկատվում են դրական փոփոխություններ, գործում են տարբեր տեսակի խմբակներ: Ունենք Street Art, եթե ուշադիր լինեք, քաղաքում կնկատեք գեղեցիկ  ներկված պատերը: Զարգացումը շարունակվում է, եւ Դիլիջանին սպասվում են նորանոր հաջողություններ:

 

Ալան Ժաո (Allan Zhao), 17 տարեկան, Շվեդիա

 

«Հայաստանն ավելի լավն է, քան ես պատկերացնում էի»

 

 

Հայաստանը շատ լավ երկիր է, շատ ավելի լավը, քան ես պատկերացնում էի: Ամառային ճամբարի ընթացքում սովորել եմ հաղորդակցվել մարդկանց հետ եւ միջմշակութային կապեր հաստատել: Շատ բան եմ սովորել այս երկրի մասին եւ գիտեմ, որ համայնքներն այնքան ծաղկուն չեն, որքան իմ հայրենիքում եւ հարկավոր է նպաստել դրանց զարգացմանը:

 

Դիլիջանի զարգացման համար պետք է ստեղծել ինչ-որ կենտրոն, կամ հանդիպման վայր բոլոր քաղաքացիների համար: Տանը նստելու փոխարեն նրանք կարող են տարբեր տեսակի հանդիպումներ կազմակերպել այդ կենտրոնում՝ սպորտային, մշակութային եւ այլն: 

 

Թալ Հումաշ (Tal Humash) , 16 տարեկան, Իսրայել

 

«Հայաստանում ամեն ինչ շատ ուրիշ է»

 

 

Հայաստանն ինձ շատ է դուր եկել, այստեղ ամեն ինչ շատ ուրիշ է: Այստեղ սովորել եմ համագործակցել մարդկանց հետ եւ շարունակ շփման մեջ լինել: Շատ ընկերներ ունեմ, նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է եւ շատ տարբերվող: Կարծում եմ, դիլիջանցիները պետք է զարգացնեն տուրիզմը, որպեսզի բազմաթիվ մարդիկ այցելեն քաղաք:

 

Մարիամ Մանոյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին