Թոմաս դե Վաալն օբյեկտիվ նախադրյալներ չի տեսնում ղարաբաղյան կարգավորման առաջընթացի համար - Mediamax.am

2380 դիտում

Թոմաս դե Վաալն օբյեկտիվ նախադրյալներ չի տեսնում ղարաբաղյան կարգավորման առաջընթացի համար


Թոմաս դե Վաալը
Թոմաս դե Վաալը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բրիտանացի վերլուծաբան, Կարնեգիի Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը ներկայումս օբյեկտիվ նախադրյալներ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ելույթ ունենալով «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները եւ հնարավոր հեռանկարները» թեմայով քննարկմանը՝ փորձագետն ընդգծել է, որ վերջին 20 տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շատ բան է փոխվել, սակայն ամենակարեւոր խնդիրը՝ հակամարտության կարգավորումը, մնում է չլուծված:

 

«Չնայած նախագահների պաշտոնական հանդիպումներին, կողմերը չեն քննարկում իսկապես կարեւոր, ռազմավարական հարցեր: Առաջվա պես փիլիսոփայական է մնում այն հարցը, թե կստորագրվի՞ արդյոք շրջանակային պայմանագիր, կլինի՞ դա արդյոք Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Ես իրական քննարկում, իրական երկխոսություն չեմ տեսնում ոչ Հայաստանի ու Ադրբեջանի նախագաների, ոչ երկու երկրների հասարակությունների միջեւ: Կա հռետորաբանություն, քարոզչություն, սակայն չկա քննարկում ռազմավարական կարեւոր հարցերի՝ փոխզիջումների վերաբերյալ»,- ասել է Թոմաս դե Վաալը:  

 

Փորձագետի կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար հետաքրքրված են միասին աշխատել ընդհանուր ապագայի շուրջ: «Ադրբեջանի համար ավելի կարեւոր է ազատվել Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունից, իսկ Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունի սահմանների բացումն ու տնտեսական զարգացումը: Այդ խնդիրների լուծումը կախված է ղարաբաղյան խնդրի փոխշահավետ լուծումից, ինչը ներկայիս իրավիճակում անիրատեսական է»,-ընդգծել է փորձագետը: 

 

Թոմաս դե Վաալը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի, մասնավորապես, շփման գծում իրավիճակի լարման վրա բացասական ազդեցություն է գործել նաեւ Ուկրաինայի ճգնաժամը: 

 

«Ուկրաինական ճգնաժամը բացասական ֆոն է ստեղծել: Հակամարտություների լուծման փոխարեն ստեղծվում են նորերը, եւ մենք տեսնում ենք, որ ցինիզմի ու անվստահության մակարդակը կողմերի մոտ ավելացել է»,- հավելել է նա: 

 

Փորձագետը կողմերին կոչ է արել նոր կապեր հաստատել եւ խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը:

 

«Բացի պաշտոնական բանակցություններից, հարկավոր է խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը: Բացի այդ, ցանկալի է, որպեսզի նախագահները նշանակեն հատուկ խորհրդականներ Ղարաբաղի գծով: Անհրաժեշտ է նոր ուղիներ եւ հարթակներ ստեղծել առաջնորդների ու հասարակությունների միջեւ շփման եւ վստահության ավելացման համար: Կողմերը պետք է ավելի լավ հասկանան միմյանց դիրքորոշումները»,- նշել է դե Վաալը:

 

«Իրական կարգավորումը չափազանց ծանր, ռիսկային քայլ է երկու երկրների նախագահների համար: Նրանք արտաքին օժանդակություն չեն զգում: Նման պայմաններում նրանք ռիսկային քայլերի չեն դիմի: Հարկավոր են արտաքին ազդակներ, բայց, ցավոք, դրանք դեռեւս բացասական բնույթ են կրում»,- եզրափակել է փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին