Կայացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությանը - Mediamax.am

1949 դիտում

Կայացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

2014 թվականին մրցանակին արժանացել են երեք գիտնականներ՝ Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցեւը եւ Բրենթ Թալին:

 

Ֆելիքս Ահարոնյանն առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի եւ տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման եւ Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»:

 

Իգոր Կարաչենցեւը եւ Բրենթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:

 

Իր խոսքում ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.

 

«Սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարեւորությունը. բացի դրամական բաղադրիչից, մրցանակի արժեքն են նաեւ գիտական հանրության կողմից նրա ընդունումը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ եւ իրենց արժանի տեղը կգտնեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Մրցանակի արժեքը լիովին կախված է մրցանակակիրների գիտական մակարդակից. որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային վարկը: Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունն ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ եւ, ակնհայտ է, միեւնույն ժամանակ, խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից են կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը, թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը: Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Միջազգային աստղագիտական միության ներկայիս եւ նախորդ երկու նախագահները, Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերության նախկին նախագահը եւ մի շարք ճանաչված այլ աստղագետներ:

 

Վիկտոր Համբարձումյանը գիտության իսկական նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր անսպառ աշխատասիրությունը, եւ այդ երկուսի ներդաշնակ համակցությունն էր, որ մեր ազգը զարդարեց 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկով: Նա ընդունում էր միայն բարձրակարգ գիտական աշխատանք եւ պահանջում էր թե՛ իրենից, թե՛ իր աշակերտներից ամենաբարձր արդյունքներ: Դրա շնորհիվ էր, որ Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին ճշգրիտ գիտություններն ընդհանրապես:

 

Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ աշխարհի մասշտաբներով փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարեւորել գիտության զարգացումը, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելու, եւ ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ մենք դեռեւս շատ անելիքներ ունենք:

 

Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցեւը եւ Բրենթ Թալին աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են: Ներկայացված աշխատանքներն անցել են ամենախիստ եւ բծախնդիր գիտական փորձաքննություն եւ հանգամանորեն քննարկվել են միջազգային հանձնաժողովի կողմից:

 

Հատկանշական է, որ երեք մրցանակակիրներն էլ որոշակի առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ. Ֆելիքս Ահարոնյանն իր գիտական մկրտությունը ստացել է Հայաստանում եւ բազմիցս հանդիպումներ ու գիտական քննարկումներ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ: Իգոր Կարաչենցեւը նույնպես իր գիտական գործունեությունը սկսել է Հայաստանում եւ Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից է: Բրենթ Թալին այն հազվագյուտ ամերիկյան գիտնականներից է, ով խորհրդային տարիներին այցելել է մեր երկիր, իսկ այսօրվա այցելության համար նա կտրելանցել է մեր մոլորակի գրեթե կեսը` Հավայան կղզիներից մինչեւ Հայաստան:

 

Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո էլ նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը՝ նպատակ ունենալով բարելավել աշխարհում կյանքը: Եթե գիտնականի նպատակը, գիտության նպատակն այս կարեւորագույն խնդրի հետ չի համընկնում, ապա այդպիսի գիտությունը, թերեւս, մարդկությանն այնքան էլ պետք չէ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին