Գորայքում կայացել է Ամուլսարի համալիր նախագծի հասարակական լսումը - Mediamax.am

2936 դիտում

Գորայքում կայացել է Ամուլսարի համալիր նախագծի հասարակական լսումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սյունիքի մարզի Գորայք համայնքում կայացել է «Գեոթիմ» ընկերության` Ամուլսարի հանքարդյունահանման համալիր նախագծի եւ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումը. որին մասնացել են Ամուսարի հանքի ազդակիր Գորայք, Գնդեվազ, Սարավան եւ Ջերմուկ համայնքներից ներկայացուցիչներ, բնապահպաններ, ոլորտի մասնագետներ եւ համայնքների բնակիչներ:

 

Սեպտեմբերի 27-ին կայացած լսումների ընթացքում «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ հուլիսին ընկերությունը բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը հանքարդյունահանման համապատասխան թույլտվության ստանալու նպատակով, որն իր մեջ ներառում է նաեւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը:

 

Լսմանը ներկա մասնագետները բնակիչների հետ ակտիվ հարց ու պատասխանի ընթացում անդրադարձել են նրանց հուզող հարցերին եւ տվել դրանց պատասխանները:

 

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը նկատել է, որ այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ե՞րբ կտրվի նախատեսվող գործողության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը:

 

«Ստացված բոլոր կարծիքներն ու դիտողությունները մենք սահմանված կարգով տվել ենք «Գեոթիմ»-ին, որն իր հերթին օրենքով սահմանված կարգով պատասխանել է մեզ», - ասել է նա: Նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ «Էկոլուր» ՀԿ կողմից հրապարակված հոդվածին, որում ասվում է, որ բնապահպանական փորձաքննությունը պետք է բացասական լինի եւ առաջարկել է մանրամասն պատասխանել հոդվածում բարձրացված հարցերին: Ընկերության աշխատակիցներն ու հրավիրված մասնագետներն անդրադարձել են հոդվածին:  

 

Անդրադառնալով ուրանի առկայության ակնհայտ լինելու եւ ռադիացիոն վտանգի վերաբերյալ հարցին, որն արծարծվել էր «Էկոլուր»-ի հրապարակման մեջ`«Գեոթիմ» ընկերության բնապահպանական եւ սոցիալական հարցերով ղեկավար Արմեն Ստեփանյանը նշել է, որ «հեղինակները հիմք են ընդունել այն հետազոտությունները, որոնց համաձայն ուրանի կուտակումները գտնվում են Ամուլսարի գագաթից 5 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա, մինչդեռ շահագործվելու են հենց սարի գագաթները»:

 

ՀՀ ԱԷԿ-ի ճառագայթային ազդեցության անվտանգության բաժնի պետի տեղակալ Կոնստանտին Փյուսքուլյանը նշել է, որ ռադիոակտիվ նյութերի տարածման առավելագույն հեռավորությունը 1200 մետր է, իսկ հանքի շահագործման տարածքում այն առավելագույնը 50 մետր կարող է լինել:

 

Թռչնաբան Լյուբա Բալյանը խոսել է վերջին ուսումնասիրության արդյունքների մասին, երբ մի քանի ամիս շարունակ հայ եւ բելգիացի թռչնաբանների ուշադրության կենտրոնում էր գիշանգղը: «Ամիսներ տեւած հետազոտությունը ցույց տվեց, որ գիշանգղը չի օգտվում այն տարածքից, որտեղ «Գեոթիմ»-ը պլանավորում է իր աշխատանքները», - ասել է նա:

 

Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը նշել է, որ ԱՄՆ-ում տեսել է հանքերի շահագործման ժամանակակից եւ հաջողված օրինակներ ու վստահ է, որ «Գեոթիմ»-ն առաջնորդվելու է նույն բարձր բնապահպանական չափանիշներով:

 

Գորայքի բնակիչ Տիգրան Առուստամյանը նկատել է, որ համայնքի բնակիչների եւ ընկերության աշխատակիցների քննարկումներն ու հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Նա նաեւ ասել է, որ «Գեոթիմ»-ը համայնքում մի շարք ներդրումներ է կատարել, իրականացվել են գյուղատնտեսության եւ անասնապահության խթանման ծրագրեր:

 

Համայնքի բնակիչ Անահիտ Հովակիմյանը նշել է, որ գյուղը խմելու ջրի լուրջ խնդիր է ունեցել, որը կարգավորվել է «Գեոթիմի»-ի շնորհիվ:

 

«Միանշանակ չեմ ասի՝ կողմ ենք, թե դեմ հանքի շահագործմանը: Ինչպես ցանկացած աշխատանք, սա եւս դրական եւ բացասական կողմեր ունի: Եթե խոսենք դրական օրինակների մասին, ապա գյուղում արտագաղթի տեմպը որոշակի չափով կրճատվել է, երիտասարդները մնացել են գյուղում, աշխատատեղեր կան: Իհարկե, ժողովուրդը մտավախություն ունի, թե ի՞նչ կլինի հանքի շահագործման ավարտից հետո, բայց սրա պատասխանը պետք է տան բնապահպաններին ու համապատասխան մարմինները»,-ասել է Գորայքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարտուն Թադեւոսյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին