Lydian International-ը նախատեսում է Հայաստանում ներդնել $ 426 մլն - Mediamax.am

4081 դիտում

Lydian International-ը նախատեսում է Հայաստանում ներդնել $ 426 մլն


Հովարդ Սթիվենսոնը
Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Lydian International-ը նախատեսում է Ամուլսարի ծրագրում $ 426 մլն կապիտալ ներդրում իրականացնել, այսօր Երեւանում ասել է ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Նա նշել է, որ Ամուլսարի հանքավայրի հայտնաբերելուց ի վեր (2006 թ.) ընկերությունը ներդրել է ավելի քան $ 69 մլն որոնողահետախուզական եւ այլ աշխատանքներում, իսկ ներկայումս աշխատում է ՀՀ կառավարության հետ, հանքի շահագործման աշխատանքների մեկնարկի թույլտվության շուրջ:

 

«Թույլտվությունը ստանալուց հետո մտադիր ենք $ 426 մլն կապիտալ ներդրում իրականացնել: Վերջնական թույլտվության ձեռքբերումից հետո նախատեսում ենք շինարարական աշխատանքները մեկնարկել 2015 թ.-ի երկրորդ եռամսյակում: Գործընթացը կտեւի 18 ամիս, եւ արդեն 2017 թ.-ի առաջին կիսամյակում կսկսվի արդյունահանման գործընթացը»,- ասել է Lydian International-ի նախագահը:

 

Նրա խոսքով, ոսկու ներկա գների պայմաններում ընկերությունը 2017 թ.-ից սկսած հանքի շահագործման ողջ ընթացքում տարեկան Հայաստանի պետական բյուջե հարկերի տեսքով կվճարի շուրջ $ 40 մլն հարկեր: Ընկերությունը նաեւ համայնքային բյուջեներ կվճարի տարեկան շուրջ $ 1 մլն՝ հողերի վարձակալության վճարների ձեւով:

 

Ամուլսարի ծրագրի շրջանակում հանքի կառուցման ակտիվ փուլում կբացվեն շուրջ 1500 աշխատատեղեր, իսկ հանքի շահագործման ողջ ընթացքում, որը կտեւի մոտ 10 տարի, ավելի քան 700 մարդ մշտական աշխատանք կունենա:

 

Հովարդ Սթիվենսոնը նաեւ տեղեկացրել է, որ վերջերս ավարտել են ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզ է դարձել, որ Ամուլսարը տարածաշրջանում հանքարդյունաբերական եւ ամբողջ աշխարհում ոսկու ոլորտում ամենահրապուրիչ նախաձեռնություններից մեկն է:

 

Վերջին երկու շաբաթների ընթացքում եվրոպական բանկերի եւ ֆինանսական կառույցների 17 աշխատակիցներ Lydian International ընկերության նախագահի ուղեկցությամբ և ընկերության ղեկավար կազմի հետ այցելել են Ամուլսար՝ իրավիճակը գնահատելու եւ իրենց հաճախորդներին այդտեղ ներդրումներ կատարելու խորհուրդներ տալու նպատակով:

 

«Նախատեսվող $ 426 մլն ներդրումների մեծ մասը կազմելու են վարկային փոխառությունները: Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ ՎԶԵԲ-ն արդեն իսկ ծրագրի բաժնետերեր են եւ պոտենցիալ փոխառություն տրամադրող: Տեղական բանկերի հետ եւս քննարկում ենք ներդրումներ կատարելու հնարավորությունը»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը, հավելելով, որ նախատեսվում է 75 տ ոսկի արդյունահանել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին