Հղիության` սեռով պայմանավորված ընդհատումներ. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ (մաս 2) - Mediamax.am

exclusive
3266 դիտում

Հղիության` սեռով պայմանավորված ընդհատումներ. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ (մաս 2)


Լուսանկարը` http://theme.orthodoxy.ru/


Հղիության արհեստական, հատկապես` սեռով պայմանավորված ընդհատումների եւ դրանք զսպող մեխանիզմների հարցին Մեդիամաքս-ն արդեն անդրադարձել է` խոստանալով պարզել` ովքեր են դեմ արտահայտվել նոր օրենսդրական նախաձեռնությանն ու ինչ կարծիքներ ունեն մասնագետները խնդրի լուծման շուրջ:

 

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» շրջանակում 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կանխարգելող օրենքի նախագծին, որով առաջարկվում էր բժիշկներին արգելել ծնողին հայտնել երեխայի սեռը մինչեւ պտղի 30 շաբաթական դառնալը, ՀՀ առողջապահության նախարարության  Մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանի փոխանցմամբ, դեմ են արտահայտվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանի խոսքերով, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած օրինագծում նման դրույթով կարգավորում նախատեսելը հակասում է մեկ այլ` Բնակչության բժշկական սպասարկման եւ բուժօգնության մասին օրենքին:

 

«Վերոնշյալ օրենքում նշվում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալ տեղեկություն իր առողջության վերաբերյալ: Հետեւաբար, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծով նման սահմանափակումը կարող է հակասություն առաջացնել մեկ այլ օրենքի հետ»,- ասել է նա եւ նկատել,- «Եթե կշեռքի մի նժարին կնոջ տեղեկացված լինելն է, մյուսին` երեխայի կյանքի իրավունքը, բնականաբար, երկրորդը գերակշռում է, սակայն նման սահմանափակում չնախատեսելը պետք է գործնականում ունենա հարցին արդյունավետ կարգավորում տալու մեխանիզմ: Օրենսդրական կարգավորման շրջանակում չկա վերահսկողության մեխանիզմի սահմանում, ինչի արդյունքում  բժիշկը կարող է մի ժեստով տալ նման տեղեկությունը: Հայտնի չէ նաեւ, թե ով է լինելու վերահսկող մարմինը, կամ ինչպես են պայքարելու կոռուպցիոն ռիսկերի դեմ»:

 

Մեր զրուցակիցն ուշագրավ եւ անհասկանալի է համարել նաեւ 30-շաբաթյա ժամկետը.

 

«Մեր օրենսդրության համաձայն, հղիության արհեստական ընդհատման հետ կապված արդեն կա սահամանափակում` 12 եւ 22 շաբաթը: Մասնավորապես` կինը կարող է իր դիմումի համաձայն արհեստական ընդհատում անել մինչեւ հղիության 12 շաբաթը, որից հետո՝ մինչեւ 22 շաբաթը, սակայն այս ժամկետում ոչ միայն իր դիմումի, այլեւ բժշկի ցուցումի առկայության դեպքում»,- ասել է ՄԻՊ ներկայացուցիչը: Լուսինե Սարգսյանը նկատել է, որ, «ելնելով արդեն իսկ գործող օրենսդրական կարգավորումից, մենք այսօր այլ սահմանափակման խնդիր պետք է չունենայինք, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հարցին պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել»:

 

Նրա փոխանցմամբ, ՄԻՊ-ն առաջարկել է հարցը քննարկել միջազգային փորձագետների հետ եւ զուգահեռաբար ցուցաբերել համակարգային մոտեցում` խնդրին ամբողջական լուծում տալու համար:

 

Անդրադառնալով օրենսդրական մեկ այլ խնդրի` երբ է ծագում երեխայի կյանքի իրավունքը, մեր զրուցակիցը պատասխանել է հետեւյալը.

 

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այս հարցը թողել է պետության հայեցողությանը: Տարբեր պետություններում պատասխանը տարբեր է, մեզանում եւս հայտնի չէ, թե երբ է սկսվում երեխայի կյանքի իրավունքը: Սակայն, եթե նայենք, թե մինչեւ երբ կարելի է հղիության արհեստական ընդհատում կատարել, ապա միգուցե պետությունն անուղղակիորեն կյանքի իրավունքի սկիզբ է համարում հղիության 12 շաբաթը»,-ասել է նա:

 

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով, «պտղի սեռի որոշումը հայտնելու արգելքը կամ դրա վրա ժամկետ դնելը չի կարող էական փոփոխության բերել. կարեւորը քաղաքացիների գիտակցության մեջ փոփոխություն կատարելն է»:

 

Իսկ ՀՀ առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ներկայումս քայլեր են կատարում շեշտը զգայական հողի վրա դնելու ուղղությամբ:

 

«Տարբեր երկրներ այս փորձն ունեցել են, արգելքներով ոչ մի երկիր հաջողության չի հասել: Մենք պետք է ընտրենք արդյունավետ ճանապարհ, արգելքները կոռուպցիոն ռիսկեր կստեղծեն»,- ասել է նա եւ հավելել,- «Հարցը պետք է զգայական դարձնել ծնողի համար, նրան լսելի դարձնել երեխայի սրտխփոցը, թաթիկների շարժումը` ցույց տալով, որ նա մարդ է եւ ընկալում է քո խոսակցությունը, լսում է, որ ուզում եք հրաժարվել իրենից»:

 

Մինչ նախարարությունն ու համապատասխան այլ գերատեսչությունները քննարկում են նախագիծն ու փորձում նոր լուծումներ գտնել, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ահազանգում է` Հայաստանում տղաների նախապատվությունը 6 անգամ ավելին է, քան աղջիկների:

 

Հիմնադրամի կատարած վերջին հետազոտության համաձայն, 100 աղջկա հաշվով Հայաստանում ծնվում է 124 տղա: Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում ցուցանիշն ավելի բարձր է: Նույն ընտանիքում ծնվող երկրորդ եւ ավել երեխայի դեպքում սեռերի հարաբերակցությունը 100 աղջիկ/160 տղա է:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին